ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծին, հայտնել է, որ Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկը` Մոսկվայի առաջարկած, մյուսը` Ադրբեջանի։ Արեւմուտքը կողմերին որեւէ տեքստ չի առաջարկել։
«Արեւմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցությունների համար, նույնը անում է նաեւ Մոսկվան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ամեն ինչ պետք է անեն, որ հասնեն այդ խաղաղությանը»,– նշել է ԱԽ քարտուղարը։Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի փաստաթղթի տեքստի շուրջ։ Դա Ադրբեջանի առաջարկած տարբերակն է, որի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին։
«Շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», — հավելել է Գրիգորյանը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վստահեցրել է, որ Հայաստանը կներդնի իր բոլոր ջանքերը, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի: Նա հավելել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Նա նշել է, որ իր եւ Ադրբեջանի նախագահի օգնականի վաշինգտոնյան հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն եւ Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները եւ անվտանգությունը: