ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը, նշել է, որ Մոսկվայում գիտեն Բրյուսելի ձգտումների մասին՝ ցանկացած գնով ներխուժել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Ըստ նրա՝ եվրոպացիների նպատակը տարածաշրջանում դիրքերն ամրապնդելն ու Ռուսաստանին դուրս մղելն է: Նշելով, որ հեռու է կանխատեսումներ անելու ցսնկությունից՝ Զախարովան հավելել է, որ տարբեր, անգամ տրամագծորեն հակառակ մոտեցումներ կան Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ, դրանց թվում՝ անդրկովկասյան երկրների շրջանում:
«Այդ հարցը պարբերաբար քննարկում ենք Բաքվի եւ Երեւանի հետ: Երբ եւ եթե լինի Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման որոշում, մենք կմեկնաբանենք այդ զարգացումը»,- շեշտել է Զախարովան:
Պատասխանելով այն հարցին՝ ինչու Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել կարգավորման ուղղությամբ՝ Զախարովան նշել է, որ որպես համանախագահներ՝ Վաշինգտոնն ու Փարիզը մտացածին պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նրանք էլ թաղեցին այս ձեւաչափը որպես միջազգային հարթակ։