Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Երեւանում ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացի եւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ավելի վաղ Տոյվո Կլաարին ընդունել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը շեշտել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը սրում են անվտանգային փխրուն իրավիճակը: