ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պրոֆիլային դեպարտամենտների տնօրենների մակարդակով Ստամբուլում հանդիպում է տեղի ունենում։ Քննարկվում է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը եւ այն, ինչ խանգարում է երկկողմ հարաբերություններում։
Ռյաբկովը հավելել է, որ այդ թեմայով ԱՄՆ-ի հետ շփումները վերսկսվել են որոշակի դադարից հետո։
«Մի ժամանակ ԱՄՆ-ը վկայակոչում էր այն փաստը, որ հյուպատոսական տեղամասում իրենց անձնակազմը բավարար չէ։ Ինչպես հասկանում եմ, այժմ Մոսկվայում դեսպանատան այս տեղամասում թափուր աշխատատեղերը, որոնք կային, լրացվել են։ Դա այլեւս հնարավոր չէ վկայակոչել, բայց նորմալացում տեղի չի ունենում»,- ասել է Ռյաբկովը։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ստամբուլում ընթացող հանդիպումը չի նշանակում, թե Ռուսաստանը վերսկսում է Վաշինգտոնի հետ ավելի խոշոր հարցերով երկխոսությունը։ Ըստ Ռյաբկովի` սա տեխնիկական եւ աշխատանքային հանդիպում է։