Ազգային ժողովն արտահերթ նիստում 62 կողմ, 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 28 դեմ ձայներով ընդունել է նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ ՆԳՆ ստեղծելու օրենքի նախագիծը։ Ներքին գործերի նախարարության շրջանակում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը:
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական, ինչպես նաեւ քաղաքացիական վերահսկողություն:
Սարգսյանը նշել է, որ ՆԳՆ-ն կլինի այն պաշտպանող միջավայրը, որը ոստիկանությանը հնարավորություն կընձեռի գործնականում ապաքաղաքական գործունեություն ծավալելու: «Ակնկալում ենք ունենալ մեր քաղաքացիներին ծառայող եւ բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն»,- շեշտել է փոխնախարարը։