Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին 62 կողմ, 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Ըստ օրինագծի` ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական կվճարվի հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Արդարադատության նախարարությունը հիմնավորում է, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, նրանց թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով հավելում են ստանում:
Տասը անդամից կազմված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 միլիոն 331 հազար 200 ՀՀ դրամ է, իսկ դրա 50%-ը՝ 665 հազար 600 դրամ։ Այսպիսով`ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամսական 1 միլիոն 996 հազար 800 դրամ աշխատավարձ կստանա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 հազար 400 դրամ է, դրա 50%-ը՝ 499 հազար 200 դրամ։ ԲԴԽ անդամները ամսական կստանան 1 միլիոն 497 հազար 600 դրամ վարձատրություն։
Այս փոփոխությունը օրենքում 2023-ի բյուջեի համար լրացուցիչ 61 միլիոն 900 հազար 800 դրամ ծախս է ենթադրում։