Դեկտեմբերի 9-ին նշվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ դեսպանության անձնակազմի, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի եւ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Կիեւում տեղադրված hայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Դեսպանը հիշեցրել է, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 1948-ի դեկտեմբերի 9-ին:
«2015-ին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Դեսպանը հատուկ շեշտել է, որ այս նախաձեռնությունը համահեղինակել է նաեւ Ուկրաինան»,- ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հաղորդագրությունում: