«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը բողոքել է, թե իբր զինտեխնիկա է տեղափոխվում, իրենք էլ որոշել են ինֆորմացիա, ապացույցներ ներկայացնել»,- Լաչինի միջանցքի առաջին հենակետում ռենտգեն-սկան տեղադրելու հարցով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովի հետ «բանակցություններից» նման «պարզաբանում» է ներկայացրել Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Սոչիում հոկտեմբերի 31-ի եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը «գաղտնիք բացեց» եւ ասաց, որ Արցախի իշխանությունների անունից առաջարկել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը եւ հարակից տարածքներն ապառազմականացնել եւ հիմնավորել, որ այդ դեպքում Պաշտպանության բանակը, գուցե, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։
Պարզ է, որ Իլհամ Ալիեւը վերստին բարձրացրել էր «Ղարաբաղից հայկական բանակը դուրս բերելու» հարց, ինչին Նիկոլ Փաշինյանը հակադարձել է Արցախի եւ հարակից տարածքների ապառազմականացման առաջարկությամբ այն սկզբունքով, որ եթե չլինի զինված ներխուժման սպառնալիք, հայկական կողմը, թերեւս, կքննարկի ՊԲ վերակազմավորման նպատակահարմարությունը։
Մի քանի օր անց Արցախի ՀՅԴ ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը հրապարակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին ուղղված իր հարցադրումը, թե արդյոք Փաշինյանը ճիշտ է ասում, որ «ապառազմականացման» հարցը քննարկել է Արցախի իշխանությունների հետ եւ Սոչիում հանդես եկել նրանց անունից։ Հրապարակվեց նաեւ ԱԽ գրասենյակի պատասխանը, որից հետեւում է, որ պաշտոնական Ստեփանակերտը Նիկոլ Փաշինյանին նման լիազորություն չի տվել, իսկ Պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվելու, այլ սպառազինվելու է եւ վերակազմավորվելու է որպես «մարտական խնդիրներ կատարելու ունակ» զորամիավորում։
Հիմա եկեք «ձեռքներս դնենք սրտներիս» եւ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի (փաստացի՝ ԱԽ քարտուղարի, ով ֆորմալ առումով ներկայացնում է ռազմա-քաղաքական բարձրագույն ղեկավարության տեսակետը) այս հավաստիացումը կարդանք թշնամական երկրի աչքերով կամ լսենք նրա ականջներով։ Ի՞նչ եզրակացության պետք է գային Բաքվում կամ ինչպե՞ս կուզենային «հասկանալ»։ Պարզ է, չէ՞․ «Փաշինյանը խարդախամտություն է ցուցաբերում, Սոչիում բարձրացնում է Ղարաբաղի ապառազմականացման հարց, իսկ իրականում ռուս խաղաղապահների հետ գաղտնի համաձայնություն ունի եւ նպատակադրված է վերազինել հայկական «ապօրինի ռազմական խմբավորումները», դրանք նախապատրաստել Ադրբեջանի դեմ նոր ագրեսիվ պատերազմի»։
Մենք կարող ենք հազար անգամ ասել, կրկնել, որ Ստեփանակերտը Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսն է, նույնիսկ՝ քաղաքական հակառակորդը։ Բաքվի համար ամեն ինչ «երկակի խաղ է» կամ, ավելի ճիշտ, Իլհամ Ալիեւը այդպես է ներկայացնում։ Եվ, բնականաբար, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի առջեւ հարց է դնում․ «Ինչո՞վ եք դուք զբաղված, եթե հայերը ձեր քթի տակ Ղարաբաղում մարտական խնդիրներ լուծելու ունակ բանակ են վերակազմավորում»։
Միաժամանակ Ալիեւն անցնում է գեներալ Վոլկովի դեմ քարոզչական արշավի, նրան մեղադրում «գինեգործության եւ ոսկու արդյունահանման բիզնեսներում մասնաբաժին ունենալու համար»։
Այդ ամենը, պետք է վստահ լինել, համապատասխան խողովակներով հասնում է Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարարություն, ԱԴԾ, Անվտանգության խորհուրդ, ԱԳՆ եւ, իհարկե, Պուտինի աշխատակազմ։ Ի՞նչ է անում Մոսկվան. կարելի է վստահաբար ենթադրել՝ «քաշում է գեներալ Վոլկովի ականջը»։ Նա էլ ադրբեջանցիներին առաջարկում է, որ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկան տեղադրվի, հնարավորություն ստեղծվի, որ Բաքուն առցանց դիտարկի անցուդարձը։
Սա, իհարկե, երեւույթի շա՜տ «քնարական» պատկերն է։ Իրականությունը, հավանաբար, ավելի խորքային եւ բազմապլան է։ Եվ հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ում էր պետք Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի մեծադղորդ հայտարարությունը, որ էքսկլյուզիվ տրամադրվել էր ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթին։ Կամ ինչո՞ւ վերջինս հարցումն ուղարկել էր ոչ թե ՊԲ հրամանատարին, ԱԳՆ-ին կամ նախագահի աշխատակազմին՝ պարզելու, թե Արայիկ Հարությունյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ապառազամականացման խնդիր քննարկե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հատկապես Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Բաքու-Մոսկվա-Ստեփանակերտ «եռանկյունում ի՞նչ ասեղ է թելվում»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։