Շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրողի ծոցն ուղարկեց բրյուսելյան ֆորմատը՝ հրաժարվելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց, եթե հանդիպմանը պետք է ներկա լինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Կարծես թե հայ-ադրբեջանական բրյուսել-վաշինգտոնյան սիրախաղը, գոնե առժամանակ, այս տարվա համար ավարտվեց։ Ավարտվեց ոչ թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քավորությամբ։
Ավարտվեց, իսկ արդեն վերջին օրերին նախ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ԱԺ նախագահի, ապա նաեւ ՌԴ նախագահի խոսնակից իմացանք, որ պատրաստվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Դրան էլ, իր հերթին, գումարվում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությունը, որը, երկրորդելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովին, կրկին մեղադրանքներ է հնչեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի եւ «բրյուսելյան ֆորմատի» դեմ․ «Մենք տեղյակ ենք Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ցանկացած միջոցով ներգրավվելու՝ Բրյուսելի ցանկությանը։ Դա պարզապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, այդ թվում՝ հարավկովկասյան երկրների շրջանում։ Այս թեման պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ մեր շփումներում»։ Ակնհայտ է, որ ակնարկն ուղղված է Հայաստանին, քանի որ հենց Հայաստանն է շահագրգիռ բրյուսելյան ֆորմատի կենսականությամբ։
Վերադառնանք, սակայն, ընթացիկ դրությանը։ Ի՞նչ է տեղի ունենում Փաշինյան-Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպմանն ընդառաջ։ Ալիեւը նախ սադրանքներով, ապա բանակցություններով որոշակիորեն շտկում կամ փոխում է Լաչինի միջանցքի ռեժիմը։ Ըստ ռուս-ադրբեջանա-հայկական բանակցությունների՝ ադրբեջանցիներին թույլ է տրվում տեղադրել մինի անցակետ միջանցքով անցնող մեքենաների, բեռների եւ մարդկանց վերահսկողության համար։
Այն ուղղակիորեն հավելյալ վերահսկողական գործիքակազմ է տալիս Ադրբեջանին։ Ցավոք, այն դեպքում, երբ Հայաստանում հանրային դիսկուրսն «ուղղվում է» հրապարակի շենքի պատի ծակերին եւ այլ ծայրաստիճան անիմաստ ու «ապաքաղաքական» թեմաների։
Ալիեւն, ուրեմն, փոխում է Լաչինի միջանցքի ֆորմատը, տեղակայում է սկաներներ, ռենտգեն համակարգեր, մինի անցակետ, որը կունենա ռուս-ադրբեջանական կարգավորման ֆորմատ, եւ Ադրբեջանը հույժ վտանգավոր լծակներ կունենա Լաչինի միջանցքում, նոր վերահսկողական ռեժիմներ կներդնի։ Հնարավոր է, նույնիսկ, հետագայում անցաթղթերի մեխանիզմներ ներդրվեն։ Դրանք կարող են սպասելի լինել, որովհետև վերահսկման տրամաբանությունը ենթադրում է նաև անցաթղթային ռեժիմ։
Իսկ ինչի՞ արդյունքում է Ռուսաստանն այսպիսի խոշոր զիջման գնում Ադրբեջանին՝ փաստացի խախտելով իր իսկ հռչակած ու սրբադասած նոյեմբերի 9-ի պայմանագիրը։
Պատճառներն ու շարժառիթները պետք է փնտրել այլ խաղատախտակներում։ Ադրբեջանն ուրիշ ոլորտներում եւ հարցերում Ռուսաստանին է զիջում կարեւոր դիրքեր, կարեւոր լծակներ է տալիս նրան։ Նախ առժամանակ չեղարկում է բրյուսելյան ֆորմատը՝ «առիթ բերելով» Ֆրանսիայի եւ Մակրոնի հակաադրբեջանական հայտարարությունները, իսկ իրականում պարզապես դուրս դնելով Արեւմուտքին ռուս-ադրբեջանա-թուրքական ֆորմատից։
Մյուս կողմից, Ադրբեջանը Ռուսաստանի էներգառեսուրսները վաճառում է ԵՄ-ին՝ դե ֆակտո շրջանցելով Արեւմուտքի պատժամիջոցները Արեւմուտքի իսկ թողտվությամբ, եւ այն պարագայում, երբ դրա մասին գիտեն թե՛ ԵՄ-ն, թե՛ Արեւմուտքը, թե՛ մնացյալ շահագրգիռ կողմերը։
Լաչինի միջանցքի վերջին միջադեպը եւ դրան հետեւած «փոփոխությունները» պարզապես «էկոլոգիական հարց» կամ խաղաղապահների սայթաքում չէր, սա հստակ, շարունակական եւ հետեւողական ստրատեգիա է որդեգրած Ալիեւի կողմից, որը կարող ենք պայմանական կոչել «Մակրոն՝ միջանցքի դիմաց»։
Եվ այս բանաձեւի վտանգը հայկական կողմի համար այն է, որ այն ավելի քան ունիվերսալ է, Ալիեւը կարող է Պուտինի հետ պայմանավորվել ցանկացած փոխզիջման, «նորամուծության» թեմայով, եւ միշտ՝ ՀՀ եւ ԼՂ հայերի հաշվին։ Կարող է եւ անում է։
Ալիեւն այդ ամենն անում է նախանձելի հետեւողականությամբ եւ բոլոր ուղղություններով, հաճախ՝ արտաքինից Ռուսաստանի հետ խոսքային հակասություններ բեմադրելով, մամուլում հակառուսական արշավներ անելով, «Արեւմուտքի ընկեր» խաղալով, բայց, դե ֆակտո, տարածաշրջանային առեւտրի, բանակցությունների եւ ռուսական կողմի հետ դրական փոխընկալումը կապիտալիզացնելով։
Ի վերջո որն է ալիեւյան Ադրբեջանի նպատակը, նրա կարճատեւ եւ երկարատեւ հեռանկարը։ Ալիեւը փորձում է մաս-մաս կուլ տալ ԼՂ-ն, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինչքան հնարավոր է հզորացնել իր դիրքերը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, կայունացնել իր ներկայությունը ՀՀ օկուպացված տարածքներում, ամրապնդվել ապագայի փոփոխություններում։ Իսկ դրանք լինելու են։
Իրադարձությունները ներկայում սառեցված են, դանդաղ են զարգանում, բայց ակնհայտ է որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան վերաձեւում են տարածաշրջանի ստատուս քվոն։ Թուրքիան նույնիսկ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսում Սիրիայի հետ եւ կրկին՝ Պուտինի միջնորդությամբ։ Իսկ այդ ամենը հյուսվում եւ տեմպ է ստանում՝ կապված ուկրաինական ճակատում պատերազմական դադարով եւ ռազմավարական ապագայի մշուշոտ սցենարներով։
Սակայն հետագայում, երբ կայունանա իրավիճակը, եւ նախանշվեն ինչ-ինչ փոփոխություններ, մեր տարածաշրջանում էլ կտրուկ փոփոխություններ կլինեն, եւ գործընթացները կարագանան։ Բայց հիմա դեռ իրավիճակը կայուն-քաոտիկ է, կողմերը փորձում են ամրապնդել դիրքերն ու պատրաստվել ապագա ստատուս-քվոյին։
Իսկ Հայաստանի իշխանությունները հայտարարում, թե դա մեր հարցը չէ, դիմեք խաղաղապահներին ու Ռուսաստանին, մեզ մոռացեք, մենք չենք պատասխանատուն, մենք Եվրատեսիլի եւ հրապարակի լույսերի հարցով պատասխանատուն ենք։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։