Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձեւաչափով համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է անցկացվել առաջիկա ամիսներին: Ներկայում շարունակվում են «3+3» ձեւաչափի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները:
«Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավեր կարող է ուղարկվել նաեւ Վրաստանին»,- հավելել է դիվանագետը։
Ըստ նրա՝ ՌԴ-ում համոզված են, որ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ մասնակից երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերով պայմանավորված։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլեւ էներգետիկայի ոլորտում:
Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը: «Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,- պարզաբանել է Գոնչարը: