Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ՄԱԿ-Կանայք կազմակերպության եւ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության ժամանակի օգտագործման մասին հարցման արդյունքներով պարզվել է, որ Վրաստանում կանայք 5 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում չվճարվող ընտանեկան աշխատանքի վրա, քան տղամարդիկ:
Հարցման արդյունքում հավաքվել են տվյալներ տարբեր գործունեության վրա բնակչության ծախսած ժամանակի մասին, դրանց թվում՝ վճարովի եւ չվարձատրվող աշխատանքի, ընտանիքի եւ խնամքի, ուսման, հանգստի, շփվելու, ճանապարհորդելու եւ այլն: Ըստ այդմ՝ Վրաստանի բնակչությունն օրական միջինը ծախսում է 11,7 ժամ ինքնասպասարկման եւ պահպանման, 4,2 ժամ՝ մշակութային, ժամանցի, սպորտի եւ զանգվածային լրատվության միջոցներին առնչվող միջոցառումների, 2,6 ժամ՝ աշխատանքի եւ հարակից գործունեության վրա։
Գործունեության վրա ծախսվող ժամանակի առումով կանանց եւ տղամարդկանց միջեւ ամենամեծ տարբերությունը նկատվում է չվճարվող ընտանեկան ծառայությունների դեպքում, որոնց վրա կանայք օրական 4,9 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում, քան տղամարդիկ։ Զբաղվածության եւ հարակից գործունեության դեպքում պատկերը հակառակն է՝ տղամարդկանց ծախսած միջին ժամանակը 1,9 անգամ գերազանցում է կանանց նույն ցուցանիշը։
Հարցման համար ամբողջ Վրաստանում պատահական ընտանիքներից ընտրվել է 3680 քաղաքացի։ Հետազոտությանը մասնակցել են 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձինք: