Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։ Ռուս դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է այսուհետեւ եւս ամեն կերպ աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը՝ Ռուսաստանի տարածքում բարձր մակարդակով համապատասխան եռակողմ հանդիպումների կազմակերպմամբ հանդերձ։
«Երկու կողմերի համար չափազանց զգայուն այդ գործընթացները պահանջում են փոխընդունելի եւ երկարաժամկետ լուծումների որոնում»,- ասել է դիվանագետը։ Ըստ նրա՝ բանակցությունների մանրամասների հրապարակումը կամ լրատվամիջոցներում կողմերի դիրքորոշումների քննարկումը միշտ չէ, որ օգուտ են տալիս գործընթացին:
«Մենք նաեւ պատրաստում ենք երկու երկրների հասարակությունների եւ փորձագիտական համայնքների հանդիպումները։ Համատեղ ջանքերի այս կարեւոր ուղղությունը կոչված է նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վստահության մթնոլորտի ձեւավորմանը»,- հավելել է Գոնչարը։
Դիվանագետը նշել է, որ այդ գործընթացում իր ներդրումը կարող է ունենալ նաեւ եռակողմ միջխորհրդարանական երկխոսությունը, որի մեկնարկի նախաձեռնությունն աջակցություն է ստացել Սոչիի գագաթնաժողովում: «Համապատասխան հանդիպումների անցկացման ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարվի»,-հավելել է Դենիս Գոնչարը: