ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային ու վիզաների եւ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժիններում դեկտեմբերի 19-ից կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Դեկտեմբերի 19-23-ը էլեկտրոնային հերթագրմանը զուգահեռ 50 տոկոս հարաբերակցությամբ գործելու է նաեւ հերթագրման սարքավորումների միջոցով հերթագրման կտրոններով սպասարկելու ընթացակարգը, իսկ դեկտեմբերի 26-ից սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հերթագրմամբ։ Հերթագրվել կարելի է առցանց՝ e-request.am հարթակի միջոցով։
Նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում, մուտք գործել համակարգ, սեղմել «Ամրագրել այց» կոճակը, «Հերթագրում» դաշտում ընտրել «Անձնագրային եւ վիզաների վարչություն» պատուհանը, նշել գործողության տեսակը եւ ամրագրել նախընտրելի օր ու ժամ՝ համապատասխան գործողությունը կատարելու նպատակով անձնագրային եւ վիզաների վարչության տվյալ բաժին ներկայանալու համար։ Դիմումատուները հերթագրման նպատակով պետք է լրացնեն միայն իրենց անհատական տվյալները։
Այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվելու։ Իսկ օրենքով նախատեսված դեպքերում, որպես ներկայացուցիչ հանդես գալու եւ մի քանի անձի համար գործողություն կատարելու պարագայում, յուրաքանչյուր դիմումի համար անհրաժեշտ է ունենալ առանձին հերթագրում՝ առնվազն 15 րոպե տարբերությամբ: Մի քանի անչափահաս երեխայի անձնագրավորման դիմում ներկայացնելու դեպքում ծնողը պետք է յուրաքանչյուր երեխայի համար առանձին հերթագրում կատարի։