Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում կարեւորել է Թուրքիայի դերը։
«Հավատացե՛ք` Թուրքիան շատ բան կարող է առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ կարգավորմանը աջակցելու համար», -իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը: Նա նաեւ հայտնել է, որ շփվել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Ստամբուլում անցկացված TRT World Forum-ի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ:
Ըստ Կլաարի՝ կա խաղաղության իրական ցանկություն եւ դրան հասնելու հնարավորություն, սակայն 30 տարվա հակամարտությունից հետո վստահություն ստեղծելը բարդ է, ուստի Եվրամիությունը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի այդ նպատակին հասնելու համար:
TRT World-ի մասին
Թուրքիայի հանրային հեռարձակման ընկերության մաս կազմող TRT World-ը 2015-ին հիմնադրված եւ 24/7 ռեժիմով անգլերենով հեռարձակվող թուրքական լրատվական ալիք է, որի թիրախային խումբն ի սկզբանե եղել են թյուրքախոս ժողովուրդներն ու մահմեդականները: Հեռուստաալիքի բովանդակությունը ներկայում ուղղված է համաշխարհային լսարանին: Բացի Ստամբուլի կենտրոնակայանից, TRT-ն ստուդիաներ ունի Վաշինգտոնում, Լոնդոնում, Մումբայում, Սինգապուրում, Պեկինում, Իսլամաբադում, Բանգկոկում եւ Ջակարտայում: Օրական դիտողների միջին թիվը կազմում է 79 միլիոն։ 2019-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում MEMRI-ի՝ Մերձավոր Արեւելքի լրատվամիջոցների հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սթիվեն Ստալինսկին նշել է, որ TRT World-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի քարոզչական թեւն է, որը նման է ռուսական RT ցանցին: