Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնել են, որ դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, նախատեսել էր այցելել Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն, ըստ իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը սահմանված կարգով համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների եւ հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները տեղում ինքնաբուխ կերպով արգելափակել են վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
«Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց տարած բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը եւ այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական շտաբը Արցախի քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից եւ հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Ըստ շտաբի՝ ավելորդ լարվածությունից խուսափելու եւ բոլոր հարցերը Արցախի օրենսդրությամբ կարգավորելու համար իշխանությունները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում։
Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին
Ավելի ուշ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին ԼՂ Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր այցելելու ռուս խաղաղապահների արգելքի պատճառով: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մատնանշելով այդ ուղեւորությանը խոչընդոտելու կամ որեւէ պայման դնելու անթույլատրելիությունը, ռուսական կողմին կոչ է արել ադրբեջանցի մասնագետների համար հանքավայրերի անարգել հասանելիություն ապահովելու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն պնդում է, որ ռուս խաղաղապահները պետք է խստորեն պահպանեն Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։