Ըստ «Ֆրանս Պրեսս» գործակալության՝ Հունաստանի իշխանությունները սառեցրել են կոռուպցիայի մեջ կասկածվող Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիի ակտիվները։
Հունաստանի փողերի լվացման դեմ պայքարի վարչության ղեկավար Հարալամպոս Վուրլիոտիսը նշել է, որ կալանքի տակ են հայտնվել նաեւ Քայլիի հարազատների ակտիվները։ «Խոսքը վերաբերում է հաշիվներին, չհրկիզվող պահարաններին, ընկերություններին եւ այլ ֆինանսական ակտիվներին»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:
Բելգիայի իշխանություններն անցած ուրբաթ Բրյուսելում մի քանի ձերբակալություն եւ խուզարկություն էին անցկացրել Եվրոպական խորհրդարանում կոռուպցիայի կասկածների հետաքննության շրջանակում, որոնք առնչվում են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ: Ձերբակալվել էին Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Քայլին եւ նրա ընկերը, խուզարկություն էր անցկացվել քաղաքական գործչի բնակության վայրում:
Քայլիին անմիջապես հեռացրել էին ՊԱՍՈԿ-ԿԻՆԱԼ (Համահունական սոցիալիստական շարժում-Փոփոխությունների շարժում) կուսակցությունից։ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան որոշել էր անհապաղ դադարեցնել Քայլիին պատվիրակված բոլոր լիազորությունները, պարտականություններն ու հանձնարարականները։