ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ «միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է», Լաչինի միջանցքի գործողությունը դադարեցնելը նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ հանդիպմանը Լաչինի միջանցքի փակման փորձերը որակել է էթնիկ զտումների՝ Ադրբեջանի քաղաքականության վառ դրսեւորումներ:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու քայլը որակել է սադրանք եւ 2020-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները, կեղծ ու մտացածին պատճառաբանություններով երկրորդ անգամ փակելով Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ մայրուղին, նպատակ ունեն Արցախում ներքին պառակտում ու խուճապ հրահրելու։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նշել է, որ փակելով միջանցքը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը եւ հայաթափել Արցախը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ բնապահպանական խնդիրները որպես պատրվակ օգտագործելով՝ ադրբեջանցիները փորձում են ահաբեկել Արցախում ապրող մարդկանց:
Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ։ Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների եւ առողջության ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:
Ըստ Արցախի ոստիկանության՝ բանակցություններն առայժմ շարունակվում են: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն: