ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը թուլացնելու եւ երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա:
Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետեւում է Լաչինի միջանցքի շուրջը ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցներին հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ եւ արեւմտյան եվրոպացիների մտահոգություններին այս առնչությամբ:
Նեդ Փրայսը շեշտել է, որ Վաշինգտոնը հետեւողականորեն կենտրոնացած է այդ մարտահրավերի, լարվածության թուլացման, Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Նա հավելել է, որ Վաշինգտոնում կազմակերպվել է երկու երկրների հանդիպումն արտգործնախարարների մակարդակով: Նույնը արվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
«Բացի դրանից՝ մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, եւ ամենակարեւորը, որ այս երկու երկրներն անում են ամեն բան, որ այդ լարվածությունը նվազի»,- ընդգծել է պետքարտուղարության խոսնակը: