Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ արդեն 24 ժամ Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։
«Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետեւանքների. դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները։ Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալու իրենց ընտանիքներին, նրանց թվում 270 երեխա այս պահին կտրված է իրենց ընտանիքներից»,- նշել է Ստեփանյանը։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի` սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսեւորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից եւ պարտադրելու իր կամքը։
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նման գործողությունները մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։
«Ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից եւ պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից»,- ասել է Ստեփանյանը։