Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանի համար նախատեսված 128,8 միլիոն SDR–ի (մոտ 171,1 միլիոն դոլար) չափով նոր վարկը։ SDR-ը ԱՄՀ-ի պայմանական հաշվարկային միավորն է՝ հիմնված հիմնական համաշխարհային արժույթների զամբյուղի վրա: Վարկը նախատեսված է բյուջեի համալրման համար եւ նպատակային չէ․ Հայաստանի իշխանությունները կարող են այդ միջոցներն օգտագործել ցանկացած բյուջետային ծախսի համար։
ՀՀ Կառավարության որոշմամբ միջոցները կվերցվեն ոչ թե անմիջապես, այլ ըստ անհրաժեշտության, եթե տնտեսական ցնցումները չափից ավելի կրճատեն բյուջեի եկամուտները։
ԱՄՀ-ում Հայաստանի վարկային քվոտայի գրեթե 100 տոկոսի չափով հատկացվող միջոցները տրամադրվում են 36 ամսով։ 18,40 միլիոն SDR-ի (մոտ 24,4 միլիոն դոլար) չափով առաջին տրանշը հասանելի կդառնա ստորագրումից անմիջապես հետո, մնացած տրանշերի հասանելիությունը կբացվի ԱՄՀ-ի մշտադիտարկմանը զուգահեռ, որը կիրականացվի վեց ամիսը մեկ, երկրի իշխանությունների հետ համատեղ։
ԱՄՀ-ն նշել է, որ Հայաստանի Կառավարությունն ուժեղացնում է եկամուտների հավաքման եւ ծախսերի արդյունավետության վերահսկման միջոցառումները, իսկ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված է ավելացող գնաճի զսպմանը: 2021-2026 թվականների համար հարկային օրենսդրության եւ ընդհանուր տնտեսության կառուցվածքային բարեփոխումների փաթեթ է նախատեսված։ ԱՄՀ-ն 2023-ին Հայաստանի տնտեսության 4,5 տոկոս աճ է կանխատեսում։
Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Կառավարության արտաքին պարտքը 9 միլիարդ 525 միլիոն դոլար է։