Քորնելի համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպության համաղեկավար Լորի Խաչադուրյանը Երեւանում հայտարարել է, որ ԼՂ երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները:
Առաջին հատվածը Շուշի քաղաքում եւ դրա շրջակայքում է: Երկրորդ հատվածը Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ Խաչադուրյանը հավելել է, որ վերջին ամիսներին նաեւ Լաչինի շրջանում հայկական պատմամշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:
CHW-ն արձանագրել է 5 հաստատված ոչնչացված վայրեր, 7 հաստատված վնասված վայրեր եւ 17 վտանգի տակ գտնվող վայրեր՝ սկսած այն ժամանակից, երբ 2020-ին սկսվեց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը:
Սեպտեմբերին CHW-ն ավարտել է Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: CHW-ն ուսումնասիրել է միջնադարյան եւ նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը, գնահատել հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը:
Խաչադուրյանը նշել է, որ արբանյակային պատկերները հնարավորություն են ընձեռել 1997-2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, դրանք տեղորոշվել են եւ գնահատվել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, ներկայում դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել:
«Ապշեցուցիչ են նաեւ բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երեւույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-2011 թվականներին Նախիջեւանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծել է պրոֆեսորը:
Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային եւ կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից: «Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակել է Խաչադուրյանը: