ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ մինչեւ տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող։ Միաժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նոր իրողությունները՝ կապված նոր տարածաշրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելու հետ։
«Անհրաժեշտ է, որ ուկրաինական կողմը հաշվի առնի այն իրողությունները, որոնք ձեւավորվել են այս ամբողջ ժամանակաշրջանում: Այդ իրողությունները վկայում են, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր սուբյեկտներ ունի, դրանք հայտնվել են այդ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքում»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ առանց այս նոր իրողությունները հաշվի առնելու կարգավորման հարցում որեւէ առաջընթաց հնարավոր չէ։ Դմիտրի Պեսկովը նշել է նաեւ, որ ՌԴ իշխանությունները բավականին մեծ միջոցներ են ուղղում նոր տարածաշրջանների վերականգնման համար, ինչն, ըստ նրա, բացարձակ առաջնահերթություն է: