Ամերիկյան Apple Inc ընկերությունը հաղորդել է, որ վերջին հինգ տարում ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրել Ճապոնիայի՝ իր գրեթե 1000 մատակարարներից բաղկացած ցանցում:
Apple-ը 2019-ից ի վեր իր ծախսերն ավելացրել է ավելի քան 30%-ով, ընդ որում՝ նրա մատակարարներն են ե՛ւ խոշոր միջազգային կորպորացիաները, ե՛ւ փոքր ընտանեկան ձեռնարկությունները։ Sony ընկերությունն Apple-ի ճապոնական խոշորագույն մատակարարներից մեկն է, որը 2011-ից տվիչներ է թողարկում iPhone-ի տեսախցիկների համար:
Apple-ը հայտարարել է, որ մինչեւ 2030-ը ճապոնական 29 մատակարարներ պարտավորվել են ընկերության սարքերի բաղադրիչներն արտադրելու համար ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների: Միաժամանակ Sony, Seiko Advance եւ Sumitomo Electric Industries ընկերություններն արդեն նախագծեր են իրականացնում հողմային եւ արեւային էներգետիկայի ոլորտում։
Ընկերության բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի 13-ի նախնական սակարկությունների արդյունքներով 0,5%-ով աճել է: Apple-ի շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից նվազել է 18,6%-ով (մինչեւ 2,26 տրիլիոն դոլար), այն դեպքում, երբ ֆոնդային ինդեքսն իջել է 16,3%-ով։