ԵՄ արտաքին հարաբերություների եւ անվտանգության քաղաքականության գրասենյակի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն հետեւում է եւ լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջը տեղի ունեցող իրադարձություններով։
«ԵՄ-ն կոչ է անում ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության։ Նման սահմանափակումները զգալի մարդասիրական խնդիրներ են ստեղծում տեղի բնակչության համար։ ԵՄ-ն մտահոգված է նաեւ Ադրբեջանի կողմից դեպի Ղարաբաղ գազամատակարարման դադարեցման մասին հաղորդագրություններով»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ստանոն։
Ըստ նրա` խնդիրները կարող են եւ պետք է լուծվեն երկխոսության եւ շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն զսպվածության կոչ է անում եւ պատրաստ է իր ներդրումն ունենալու վերոնշյալ ջանքերում։