Երեւանում Եվրոպական միության ֆինանսավորած «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված էքսպո անցկացրեց։ «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հիմնադրվել է 2017-ին «Ագաթ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Կոալիցիային անդամակցում են 15 կազմակերպություն եւ 7 անհատ։ Նպատակն է համախմբել բոլորի ջանքերը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իավունքները պաշտպանված լինեն, եւ նրանք իրենց ներուժն իրացնելու հավասար հնարավորություն ունենան։
Էքսպոյի ընթացքում ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները, արվեստի գործերն ու լուսանկարները։ Կազմակերպվեց նաեւ բոչիա պարալիմպիկ մարզաձեւի խաղը։
Էքսպոյի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքները ներկայացնելն էր, վաճառք չեղավ։
Կոալիցիայի անդամ կազմակերպությունները հիմնականում մարզերում են։ Կարծրատիպեր կան, թե հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող արտադրանք ստեղծել, ծառայություններ մատուցել, սակայն այդ կարծրատիպերը ժամանակի ընթացքում որոշակիորեն հաղթահարվել են։ Օրինակ՝ տասը տարի առաջ վիճակն ավելի վատ էր։
«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա»-ի համակարգող Մուշեղ Հովսեփյանը նշեց՝ այդ դրական տեղաշարժը լինում է հաշմանդամություն ունեցող անձանց տեսանելիության բարձրացմամբ, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ մասնակից են դառնում տարբեր ոլորտների զարգացումներին։ Հաշմանդամություն չունեցող մարդիկ սովորում են՝ ինչպես կարելի է հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։
«Հիմա հաշմանդամություն ունեցող անձանց տեսնում ենք արվեստի, քաղաքականության եւ այլ ոլորտներում։ Տասը տարի առաջ գուցե նրանց չտեսնեինք այդ ոլորտներում։ Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը դեպի դրականն է փոխվել նաեւ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց շնորհիվ: Զինվորների եւ զինվորականների նկատմամբ հասարակության վերաբերմունքը շատ ավելի դրական է, քան հաշմանդամություն ունեցող այլ խմբերի։ Հընթացս նրանց վերաբերմունքը դեպի դրականն է փոխվում նաեւ հաշմանդամություն ունեցող մյուս խմբերի նկատմամբ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Մուշեղ Հովսեփյանը։
«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս-կենտրոնը, որը գործում է համանուն ՀԿ-ի հովանու ներքո, հիմնադրվել է 2020-ի հոկտեմբերից։ Ռեսուրս-կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանը պատմեց՝ հիմնադրման օրից ծառայություն է մատուցում Շիրակի մարզում։ Էքսպոյի ընթացքում կենտրոնը ներկայացրեց իր հրատարակած գրքերն ու ձեռնարկները, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցմանը։
«Ներկայացնում ենք նաեւ հայ դասականների ստեղծագործությունները աուդիո տարբերակով, որոնք նախատեսված են տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Այսօր մեր տաղավարում ներկայացված են նաեւ աջակցող սարքեր եւ տեխնոլոգիաներ, որոնք կարող են բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը»,- պատմեց Հեղինե Գասպարյանը։
«Մենք կարող ենք» ՀԿ-ն զբաղվում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների, երիտասարդների եւ նրանց ընտանիքի անդամների շահերի պաշտպանությամբ։ Կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը պատմեց՝ ՀԿ-ն ներկայացնող հաշմանդամություն ունեցող ութ երեխա եւ երիտասարդ ներկայացրել են իրենց լուսանկարչական աշխատանքները։
«Մեր կենտրոնում լուսանկարչության դասերի հաճախող երեխաներից շատերը դարձել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ։ Նրանց յուրօրինակ աշխատանքներն այսօր ներկայացված են ցուցահանդեսում։ Որոշել ենք առաջիկայում մեր Նարեկի գեղանկարչական աշխատանքները ներկայացնել ցուցահանդես-վաճառքում»,- պատմեց «Մենք կարող ենք» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը։
«Մենք կարող ենք» ՀԿ-ում լուսանկարչության դասերի հաճախելով՝ Նարեկն արդեն արհեստավարժ լուսանկարիչ է։ Նա լուսանկարչությամբ ու գեղանկարչությամբ սկսել է զբաղվել չորս տարի առաջ։
«Սիրում եմ բնապատկերներ նկարել, ծովանկարչությունն է ինձ հարազատ։ Նաեւ աճպարարությամբ եմ զբաղվում»,- ասաց Նարեկը։
«Մենք կարող ենք» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մովսիսյանը հիշեցրեց՝ բոլորս հավասար ենք, ապա հավելեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները պետք է գնահատել եւ օգտագործել:
«Հաշմանդամություն ունեցող անձինք մեծ ներուժ ունեն։ Հարկավոր է բացահայտել եւ արժեւորել այն»,- եզրափակեց Աննա Մովսիսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։