ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի փակումը համակարգված է եւ նպատակ ունի փակելու Արցախի կենսական նշանակության ապրանքների մատակարարման միակ ուղին եւ սահմանափակելու Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժը:
«Դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ գործողությունները: Շատ մտահոգիչ է, որ ադրբեջանցիներին թույլ է տրվում ազատ կերպով բողոքի ակցիա անելու միայն այն ժամանակ, երբ դա սպառնում է հայերի կյանքին»,- նշված է ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտել են նաեւ ադրբեջանական կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը: Կոնգրեսականները հավելել են, որ կենսական նշանակության գծերի փակումը կամ փակման սպառնալիքը եւս մեկ անգամ նրանց ձեռքում զենք են դարձնում կարեւոր ենթակառուցվածքները եւ հումանիտար ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար:
«Սրան նախորդել է ոտնձգությունների շարքը հայ ժողովրդի դեմ, որը քաջալերվում է Ալիեւի վարչակարգի ճոռոմ հռետորաբանությամբ: Այդ ոտնձգությունները փաստագրված են»,- շեշտել են ամերիկացի կոնգրեսականները: Նրանք նաեւ ԱՄՆ կառավարությանն ու նրա եվրոպական գործընկերներին կոչ են արել օգտագործելու իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները Ադրբեջանի ստեղծած այս ճգնաժամը դադարեցնելու համար:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները կոչ են արել նաեւ՝ Ալիեւին բերել բանակցությունների սեղանի շուրջը եւ ապահովել Արցախի ժողովրդի ներգրավվածությունն այդ քննարկումներում: