Ըստ Reuters լրատվական գործակալության՝ Եվրամիության կենսաթոշակային հիմնադրամները կկորցնեն միլիարդավոր եվրոներ իրենց ներդրումներից, որ կատարել են տնտեսության շրջակա միջավայրն աղտոտող ոլորտներում, եթե կլիմայի փոփոխությունների հետեւանքները մեղմացնող միջոցառումներ չձեռնարկվեն։
Ապահովագրության եւ մասնագիտական թոշակների եվրոպական վարչությունը (EIOPA) հայտարարել է, որ ԵՄ անդամ 18 երկրում իրականացրել է 187 կենսաթոշակային հիմնադրամի ուսումնասիրություն, որոնք տիրապետում են ընդհանուր առմամբ 1,98 տրիլիոն եվրո կապիտալի, որը կենսաթոշակային հիմնադրամներին կատարվող համախառն վճարումների 65 տոկոսն է։ Ստուգումները կատարվել են պարզելու համար, թե որքանով են կենսաթոշակային հիմնադրամները կայուն ուշացած քաղաքականության հետեւանքով անկանոն կերպով ածխաջրածնային չեզոք տնտեսվարման անցման նկատմամբ, քանի որ երեւույթը հանգեցնելու է ածխաջրածնի կտրուկ գնաճին։ Եվ ահա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենսաթոշակային հիմնադրամները «էականորեն ենթակա են անցումային ռիսկերին»,- ասված է EIOPA-ի զեկույցում։
Ինչ վերաբերում է ակտիվներին, ապա, ըստ ուսումնասիրության, սթրեսային սցենարը հանգեցրել է ընդհանուր կապիտալի 12,9 տոկոսի անկման, ինչը նշանակում է, որ կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների վնասը գնահատվում է ոչ պակաս, քան մոտ 255 միլիարդ եվրո։
EIOPA-ում կարծում են, որ ֆինանսական ակտիվների եւ պարտավորությունների՝ ֆինանսավորման գործակիցների վրա ազդեցությունը գնահատվում է «կառավարելի», ինչը հուսադրող է ինքնին։ Սակայն կորուստները բավականին մեծ են, ինչն էլ վկայում է ինտենսիվ ածխածնային արդյունաբերության մեջ կատարված ներդրումների՝ կլիմայական փոփոխությունների ռիսկերի նկատմամբ խոցելիության մասին։
EIOPA-ում նաեւ տեղեկացրել են, որ ուսումնասիրված հիմնադրամների միայն 14 տոկոսն է կիրառում սեփական ռիսկերի կառավարման բնապահպանական սթրես-թեստեր։
Պատրաստեց Արման Գրիգորյանը