ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փուլիցերյան մրցանակի խորհրդի դեմ հայց է ներկայացրել` 2018-ին ՌԴ-ի հետ իր նախընտրական շտաբի հնարավոր կապը լուսաբանած «New York Times»-ին եւ «Washington Post»-ին տրված մրցանակների համար։
Ֆլորիդա նահանգում ներկայացված դատական հայցում Թրամփը հայտարարել է, որ պարբերականներին մրցանակ է շնորհվել «ամերիկյան հասարակության ստի» համար։ Նա վնասի փոխհատուցում է պահանջում դատարանի սահմանած չափով։
ԱՄՆ նախկին նախագահը նախորդ տարի արդեն կոչ էր արել «New York Times» եւ «Washington Post» պարբերականներին զրկելու Փուլիցերյան մրցանակներից, որոնք ստացել էին 2018-ին հրապարակած հոդվածների համար։ Դրանցում շոշափվում էր Թրամփի նախընտրական շտաբում «ռուսական միջամտության» եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածության թեման։ Հուլիսին մրցանակի խորհուրդը մերժել էր նախկին նախագահի պահանջը։
ԱՄՆ իշխանությունը 2016-ի նախագահական ընտրություններից հետո հետաքննել էր Թրամփի շտաբի եւ Ռուսաստանի «կապը»` հիմնվելով բրիտանական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլի նախապատրաստած նյութերի վրա։ Ներկայում ԱՄՆ-ում դատավարություն է ընթանում ՌԴ քաղաքացի Իգոր Դոնչենկոյի դեմ, որին Հետաքննությունների դաշնային բյուրոն մեղադրում է Թրամփի «ռուսական կապի» վերաբերյալ գործով կեղծ ցուցմունքներ տալու համար։