Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:
2022-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ադրբեջանական կողմից արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Արցախի բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու եւ սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով եւ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը՝ որոշվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
Ըստ անհրաժեշտության պետք է սահմանափակել Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:
Իրականացվելու է բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:
Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի պաշտպանունակության եւ անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ: Արցախի կառավարությանը հանձնարարվել է սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ: