Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» եւ Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
Փաստաթղթում նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին հակառակ՝ Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը եւ դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Ընդգծվել է, որ ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Նիդերլանդների կառավարությանը կոչ է արվել Եվրոպական խորհրդին հորդորելու համատեղ կոչով դիմելու Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ եւ բացի միջանցքը։
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից: «Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիեւի դաժան բռնապետության ստեղծած հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման եւ շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաեւ Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», — նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։