Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության՝ երկու տարի դիտված նվազման միտումից հետո մասնագիտական աշխատանքը կատարելիս սպանված լրագրողների թիվն ավելանում է։ Ընթացիկ տարում աշխարհում սպանվել է ԶԼՄ 57 աշխատակից, ինչը 19 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի։ Ըստ հրապարակված զեկույցի՝ մասնագիտական աշխատանքը կատարելիս սպանված լրագրողների (ԶԼՄ աշխատակիցների) թվի աճին նպաստել է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը։ Ուկրաինան դարձել է լրագրողական գործունեության համար ամենից վտանգավոր երկիրը։ Այստեղ մասնագիտական գործունեություն իրականացնելիս ընթացիկ տարում զոհվել է ութ լրագրող։ Զեկույցում ներառված են նաեւ ուկրաինացի լուսանկարիչ Մաքսիմ Լեւինի եւ ֆրանսիացի տեսաօպերատոր Ֆրեդերիկ Լեկլեր-Իմհոֆի սպանության դեպքերը։ Հիշեցնենք, որ Լեւինին ռուս զինվորականները սպանել էին այս տարվա մարտի 3-ին, իսկ ֆրանսիացի տեսաօպերատորը զոհվել էր արկի բեկորից Ուկրաինայի արեւելքում նկարահանման գնալու ճանապարհին։
Զեկույցում նաեւ նշվում է, որ ընթացիկ տարում առեւանգվել է ԶԼՄ 65 աշխատակից։ Ուկրաինական ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալության լրագրող Դմիտրի Խիլյուկին վերջին անգամ տեսել են մարտի 4-ին Կիեւի մարզի Դմիեր գյուղում, որն այն ժամանակ ռուսական զինուժի հսկողության տակ էր։ Խիլյուկի հետագա ճակատագիրն անհայտ է։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տեղեկությունների համաձայն՝ նա տարվել է Ռուսաստան։
Ընթացիկ տարում բանտարկվել են աննախադեպ թվով շատ լրագրողներ՝ 533 հոգի, որոնք բանտարկվել են իրենց մասնագիտական գործունեության համար։ Լրագրողների բանտարկման դեպքերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հինգ երկրի՝ Չինաստան, Մյանմա, Իրան, Վիետնամ եւ Բելառուս։ Չինաստանում ընթացիկ տարում բանտարկվել է 110, Իրանում՝ 47 ԶԼՄ աշխատակից։
Ռուսաստանում ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ բանտարկվել է ԶԼՄ տասնութ աշխատակից։ Նրանցից ութը ուկրաինացիներ են, ձերբակալվել են Ղրիմում, որը ռուսական վերահսկողության տակ է 2014 թվականից։
Զեկույցում ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո լրագրողների աշխատանքային պայմանները Ռուսաստանում վատացել են։ Ռուսաստանում մնացած անկախ լրագրողները ստիպված են աշխատել ընդհատակում։ Խստացվել են լրատվամիջոցներին ճնշող օրենքները։ Այսպես, օրինակ, ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկության» տարածման համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 15 տարվա բանտարկության։
Պատրաստեց Արման Գրիգորյանը