Դեկտեմբերի 13-ին եւ 14-ին Լոռու մարզում՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում, անցկացվել է «Բազմաչափ աղքատություն․ թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը։ Կազմակերպել էր «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը «Համայնքային աղքատության նվազեցում․ կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում։
Ցուցահանդեսն անցկացվել է տվյալների հանրային քննարկման ձեւաչափով, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության, քաղհասարակության ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ կառույցներ եւ անձինք։
Ներկայացվել են Լոռու մարզի Վանաձոր եւ Սպիտակ համայնքներում հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են գյուղական ու քաղաքային բնակավայրերի տնային տնտեսությունների կենսապայմաններին, հանրային, առողջապահական ծառայությունների, կրթության հասանելիությանը, աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը եւ այլն։
Ըստ բազմաչափ աղքատության վերաբերյալ համայնքային մակարդակում հետազոտության արդյունքների՝ Լոռու գյուղերում տնային տնտեսությունների (ՏՏ) ավելի քան 71, Վանաձորի ՏՏ-ների 72 եւ Սպիտակի ՏՏ-ների մոտ 84 տոկոսը հնարավորություն չունի երկու օրը մեկ անգամ հավով, մսով, ձկով կամ համարժեք բուսական ծագման սննդամթերք ուտելու։
Ամսական պահանջվող նվազագույն ծախսերը հոգալու համար ընդհանուր եկամուտը մեծ դժվարությամբ է բավականացնում Վանաձորի տնային տնտեսությունների մոտ 50, մարզի գյուղերի 60,6 եւ Սպիտակի մոտ 69 տոկոսին։
Ուսումնասիրված երեք՝ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բնակավայրերից աղքատության ամենաբարձր ցուցանիշը Սպիտակ (Լոռի) համայնքում է։
Մարզի համայնքներում հետազոտությունների արդյունքները ներկայացնելուց հետո քննարկվել են բազմաչափ աղքատությանն առնչվող խնդիրները՝ հետազոտության առաջարկությունների հղկման եւ շահերի պաշտպանության գործողությունների ծրագրման նպատակով։
Ծրագիրը նպատակ ունի հյուսիսային երեք մարզերի համայնքային փորձի հիման վրա առաջարկելու աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումներ ամբողջ հանրապետության համար:
«Բազմաչափ աղքատություն․ թվեր, համայնքներ, պատկերներ» ցուցահանդեսը, որի կազմակերպումը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում, կյանքի է կոչվել «Հրանտ Մաթևոսյան», «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամների, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ջանքերով։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։