Աիդա Աթաբեկյանը մեկն է դիլիջանցի այն կանանցից, որ նախընտրում են մանկահասակ երեխայի հետ աշխատանքի գնալ, փոխանակ տանը նստելու: Նա նաեւ միջավայր է ստեղծում բոլոր այն կանանց համար, որոնք նման հնարավորություն չունեն:
«Ամեն ինչ սկսվեց, երբ մեր կազմակերպությունը՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, որոշեց կանանց համար ձեռներեցության դասընթացներ կազմակերպել»,- պատմում է Աիդան:
Զբաղվածության կենտրոնից վերցնում են աշխատանք փնտրող կանանց ցանկն ու գործի անցնում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցուցակում առկա 400 կանանց զգալի մասը մանկահասակ երեխաներ ունեցող 20-30 տարեկան են: Պարզում են նաեւ, որ նրանք չեն կարող թողնել երեխաների խնամքն ու աշխատել կամ դասընթացների մասնակցել:
«Երբ հանդիպեցինք այդ կանանց հետ, հասկացանք, որ նաեւ ցածր ինքնագնահատական ունեն: Հիմնականում ուսումն ավարտելուց հետո անմիջապես ամուսնացել էին, չունեին աշխատանքային փորձ: Վախենում էին հարցազրույցների մասնակցելուց, ասում էին՝ մեզ ո՞վ կընդունի աշխատանքի: Հիմա շատ բան է փոխվել»,- հիշում է Աիդան:
Որոշում են ձեռնարկատիրական դասընթացներից զատ կազմակերպել նաեւ մոտիվացնող հանդիպումներ: Քսանհոգանոց խումբ են կազմում ու գործի անցնում: Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթներն» են քննարկում խմբի հետ, դասավանդող կանայք ներկայացնում են իրենց անձնական փորձը, ոգեւորում: Դասընթացը չավարտած 20 կանանցից 16-ն աշխատանք են գտնում, ստիպված են լինում նոր մասնակիցներով համալրել խումբը:
2017-ին երկարաժամկետ ու կայուն արդյունք ունենալու համար որոշում են սոցիալական ձեռնարկություն (ՍՁ) հիմնել եւ շահույթն ուղղել համայնքում առկա այս կարեւոր սոցիալական խնդրի լուծմանը: Հայ-իտալական համատեղ ծրագրի արդյունքում ստեղծում են «Արմենեկոոպ» ՍՁ-ն: Հիմա արդեն երեխաների համար առանձին տարածք ունեն: 100-ից ավելի կանանց են վերապատրաստել եւ շարունակում են:
Ձեռներեցության եւ կանանց կարողությունների զարգացման ծրագրերով զբաղվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն: Կանանց համար կարուձեւի վարպետության դասեր է անցկացնում, կտորե պայուսակներ ու գունավոր մատիտների տուփեր արտադրում, որոնց վաճառքը նպաստում է ՀԿ-ի աշխատանքներին ու ավելի շատ կանանց ներգրավելուն:
Ներկայում երեք հիմնական աշխատող ունեն: Երբ պատվերները շատ են լինում, մյուս շահառուներին էլ են ներգրավում աշխատանքում: Ամսական միջինում 300 կտորե բազմանգամյա օգտագործման տոպրակ են արտադրում: Պատվերներ են ընդունում գործընկերներից եւ ոչ միայն: Դիլիջանյան թեմաներով շարք ունեն. տոպրակների միջոցով պատմում են Դիլիջանի մասին: Վաճառքը կատարում են զբոսաշրջիկների ակտիվ այցելության վայրերում, ոչ միայն Դիլիջանում, այլեւ Երեւանում, Սիսիանում ու Գյումրիում գտնվող 22 վաճառքի կետերի միջոցով: Նույնիսկ արտահանում են: Մատիտների տուփերը վաճառվում են նաեւ Թբիլիսիում՝ Վրաստանի ՍՁ-ների հետ համագործակցության շնորհիվ:
«Վերջերս մեր մատիտների տուփերից 100 հատ Լիտվա ուղարկեցինք, իրենց տարբերանշանով, երկու անգամ Իտալիա ենք ուղարկել»,- թվարկում է Աիդան՝ հավելելով, որ արտահանումն ընդլայնելու մտադրություն ունեն:
ՍՁ-ն նպաստում է նաեւ մասնագիտական կողմնորոշմանը: Մարուսյա Զաքարյանը ձեռնարկության շահառուներից է: Ավագ դպրոցի ավարտական դասարանում է սովորում: Ամառային արձակուրդն այստեղ է անցկացրել, պայուսակ-շոփերների տարբեր ձեւեր փորձարկել: Որոշել է դիզայներ դառնալ եւ իրականություն դարձնել իր գաղափարները:
«Արմենեկոոպ»-ը Հայաստանի հաջողված ՍՁ-ներից է: Այսօր արդեն ինքնաֆինանսավորվում է, կախված չէ դրամաշնորհներից: Սա է պատճառը, որ «Իմփաքթ Հաբ Երեւանը» Հայաստանում ՍՁ ոլորտի զարգացմամբ հետաքրքրված իր գործընկերներին տեղեկատվական արշավի շրջանակում առաջինն այստեղ էր բերել:
Սոցիալական խնդիրների լուծումը մշտապես համարվել է բացառապես կառավարության գործառույթը: Ժամանակի ընթացքում ստեղծվեցին հասարակական կազմակերպություններ, որոնք հանձն առան այն խնդիրների լուծումը, որոնք պետությունը ի վիճակի չէր (կամ չէր ցանկանում) կարգավորելու: Մասնավոր հատվածն իր հերթին սկսեց նպաստել սոցիալական, բնապահպանական եւ այլ հարցերի լուծմանը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ բարեգործության միջոցով: Այս միտման ամենավերջին զարգացումը սոցիալական ձեռնարկության գաղափարի ձեւավորումն է:
Սոցիալական ձեռնարկատիրությունը նպաստում է ոչ միայն կոնկրետ խնդրի լուծմանը, այլեւ համայնքի զարգացմանը, կոտրում կարծրատիպեր:
«Համայնքներում ունենք որոշակի խնդիրներ, համայնքի երիտասարդ աղջիկները աշխատանքի խնդիր ունեն, դրանով լուծում են այդ խնդիրները: Կամ Լուկաշեն գյուղում միավորվել են ու չիր են արտադրում, հոգում իրենց կարիքներն ու համայնքային տարբեր խնդիրներ՝ դպրոց են նորոգում, այգի են վերանորոգում»,- ասում է «Իմփաքթ Հաբ Երեւանի» գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը:
Հաջորդ կանգառը Սեւան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում էր: Այն ստեղծվել է, երբ Սեւանում երիտասարդները զգացել են մի վայրի անհրաժեշտության կարիք, որտեղ կարելի է հավաքվել, շփվել, նախաձեռնություններ քննարկել, կրթվել: Այստեղ նաեւ մարդկանց մտածողության լուրջ խնդիր է եղել, օրինակ, թե երիտասարդ աղջկան սրճարան գնալ հարիր չէ: Բոհեմը դարձավ այն վայրը, ուր բոլորը կարող են գալ ու քննադատության չարժանանալ: Ցանկացած այլ սրճարանում էլ արդեն կարելի է տեսնել աղջիկների:
«Վերջերս, իմ սիրած պատմությունն է, մի աղջկա պապա զանգեց ու հարցրեց, թե կարող է իր աղջիկն ամռանը մեզ մոտ աշխատել»,- ժպտալով ասում է արվեստանոց-թեյարանի հիմնադիր տնօրեն Գոհար Մնացականյանը:
Այս ՍՁ-ի դեպքում եկամուտ ստանում են թեյարանից: Մշակութային միջոցառումները բաց են: Արվեստանոցը Սեւան քաղաքի երիտասարդների շրջանում մշակույթը տարածելու նպատակ ունի՝ ստեղծելու մի միջավայր, որտեղ կարող են արվեստասերները միավորվել, համագործակցել, ստեղծագործել:
«Մեր քաղաքում մարդիկ սովոր չեն մշակութային ժամանցի, ու մենք մարդկանց արյան մեջ պետք է մտցնենք, պահանջարկ ձեւավորենք, հետո կմտածենք նաեւ վճարովի ծառայությունների մասին»,- պլանների մասին պատմում է Գոհարը:
Հիմնական եկամուտն ուղղվում է ամենամյա «Սեւան» երաժշտական փառատոնի կազմակերպմանը: Հունվարին կմեկնարկեն 7-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Երիտասարդ երաժիշտներն ու կազմակերպիչները կրկին կմիավորեն իրենց ուժերը հանուն ընդհանուր նպատակի, այն է՝ մեծացնել դեպի Սեւան զբոսաշրջային հոսքը:
«Իմփաքթ Հաբ Երեւանը» Եվրոպական միության աջակցությամբ ձեռնամուխ է եղել ՍՁ-ների ներդրումային առաջին հիմնադրամի ստեղծմանը, որի պաշտոնական մեկնարկը տրված է: Մտադիր են առավել մասշտաբային դարձնել սոցիալական ձեռնարկատիրության ազդեցությունը Հայաստանում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։