ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը, նշել է, որ միջազգային հանրությունն անկարող եղավ կանխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ուժի կիրառումը, ինչը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների եւ տեղահանման նոր ալիքի։
ՀՀ արտգործնախարարը ընդգծել է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Նա հավելել է, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Միրզոյանը նշել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից եւ արտաքին աշխարհից, եւ ձմռան ցրտաշունչ պայմաններում խափանել է ԼՂ-ի գազամատակարարումը։
Նա նշել է, որ նման պայմաններում Բաքուն պնդում է, թե իրենք պատրաստ են ապահովելու հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, եւ որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում։ «Բայց այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները»,- շեշտել է նախարարը:
«Թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, թե՛ ԼՂ հիմնախնդրի հարցում Բաքուն հրաժարվում է բազմակողմ ձեւաչափերով ձեռք բերված սեփական պարտավորությունները կատարելուց։ Ադրբեջանի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը եւ առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու հնարավորությունը»,- եզրափակել է Միրզոյանը։