Գյումրեցի Տանաշյանների բազմազավակ ընտանիքի անտանելի պայմաններին «Ալիք Մեդիան» անցած տարվա ձմռանն էր անդրադարձել (տես նաեւ՝ Գյումրի. կարմիր տնակում):
Խորեն եւ Լալա Տանաշյանները պատմեցին, որ առանց այն էլ խարխուլ տնակը տարածքում շինարարական աշխատանքների պատճառով վերջերս տեղափոխել են մի քանի մետր հարավ՝ խոստումով, որ ընտանիքի կացարանի հարցը կլուծեն առաջնահերթ։
Տեղաշարժված տնակում դուռ-լուսամուտի, պատի ու առաստաղի տեղերը խառնվել էին: Ասել, որ ընտանիքն ապրում էր այնտեղ, խիստ լավատեսական էր հնչում: Տնակաբնակները մի խնդիր ունեին՝ չցրտահարվել:
Տանաշյանները դիմել էին քաղաքային իշխանություններին, նրանք էլ ուղղորդել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Ընտանիքի սոցիալական անասելի վատ պայմաններին մեր անդրադարձից ամիսներ անց ստացանք Լալա Տանաշյանի ուրախ զանգը. ««Հայաստան» համահայկական հիմնադրամը մեզ սոցիալական բնակարան է հատկացնում: Զանգել ասել են, որ մինչեւ աշուն գլուխներիս վերեւում մարդավայել տանիք ենք ունենալու»:
Աշունն անցել, ձմեռն է եկել: Կդիմավորե՞ն նոր տարին նոր բնակարանում Տանաշյանները… Մեկ տարի անց հարցի պատասխանը կրկին բացասական էր: Լալա Տանաշյանն ասում է՝ դեռ տնակում են, բայց ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի վիճակն ավելի անտանելի է: Տնակի ներս ու դուրսն արդեն չեն տարբերվում: Հիմնադրամից ասել են՝ մի՛ անհանգստացեք, թղթաբանական հարցեր ենք լուծում: Ընտանիքը ներքին վախ ունի, որ էլի ոչինչ չի փոխվի, միաժամանակ հույսն էլ չի լքում. գուցե այս անգամ մի բան ստացվի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Գյումրու «Մուշ–2» բնակելի թաղամասում ավարտել են բազմաբնակարան երկու շենքերի եւ մանկապարտեզի շինարարական աշխատանքները:
Շենքերի 36 բնակարանները տրամադրվելու են միայն երկրաշարժից տուժած ընտանիքներին անհատույց օգտագործման իրավունքով: Ըստ սահմանված չափորոշիչների՝ շահառուները պետք է երբեւէ բնակարանի գնման վկայագիր կամ տուն ստացած չլինեն, ունենան անչափահաս երեխաներ, լինեն բազմազավակ:
34 տարի խարխուլ տնակներում գոյատեւած 36 ընտանիքների ընտրությունն արդեն արվել է: Արդար ընտրություն ապահովելու նպատակով ցուցակները քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ:
Ըստ հիմնադրամի՝ օրենքով սահմանված կարգով դիմել եւ հոկտեմբերի 18-ին ստացել են բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այնուհետեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում գրանցել են շինության նկատմամբ իրենց սեփականության իրավունքը։
Այս պահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրամը դիմել է 36 բնակարանների սեփականության վկայականները ստանալու համար: Սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն շահառուները հնարավորություն կստանան դիմելու եւ բաժանորդագրվելու ջրի, հոսանքի եւ գազի անհատական հաշվիչները ստանալու եւ տեղադրելու համար։
36 ընտանիքների համար բաղձալի օրը կգա միայն վերը նշված գործընթացներն օրենսդրությանը համապատասխան ավարտելուց հետո։ Թե երբ կլինի այդ օրը, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ «Հեռուստամարաթոն-2022»–ի նկարահանումների շրջանակում «Մուշ-2» թաղամասի շահառուներին հանձնվել են բնակարանների բանալիները, որոնք, ըստ շահառուների, հետ են վերցվել նկարահանումից հետո:
Աչքը տեսածից է վախենում. վախեցած շահառուները բանալիների վերադարձից հուսահատված, մտածել են, որ շահառուների փոփոխություն է լինելու:
Հարցը բարձրացրել է «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ասել, որ նկարահանումից հետո բանալիները վերցրել են, բնակարաններն էլ մինչ օրս փաստացի դատարկ են: Նա կոչ է արել սփյուռքահայերին հետեւողական լինելու, թե ուր են գնում իրենց նվիրատվությունները: Հասարակական կազմակերպություններին ու հետաքրքրված կազմակերպություններին էլ կոչ էր արել բացահայտելու, թե ինչու մարդիկ դեռ իրենց տներում չեն:
Հիմնադրամից Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ապատեղեկատվություն են որակում, ասում են՝ բանալիները «սիմվոլիկ են հանձնվել»: Ընտրված շահառուների ցանկում էլ որեւէ փոփոխություն չի եղել եւ չի լինելու։
Տիկին Զոհրաբյանն էլ վստահեցնում է՝ վերջնաժամկետ համարվող դեկտեմբերի 25-ը սարերի հետեւում չէ, Գյումրին էլ իր տեղում է։ Շուտով կտեսնենք՝ արդյոք ընտանիքները Ամանորը կնշանավորեն բնակարանամուտով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։