ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է համարել։ Նա Լաչինի միջանցքի արգելափակումը պայմանավորել է «հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով»։
Ըստ Զախարովայի՝ ՌԴ ՊՆ-ն եւ ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են լարված իրավիճակի թուլացման ուղղությամբ։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Կողմերի ստանձնած պարտավորությունները պետք է անշեղորեն պահպանվեն
Զախարովան ընդգծել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է խաղաղապահների վերահսկողության տակ։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ «Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Ռուս խաղաղապահների նկատմամբ մեղադրանքները մերկապարանոց են
Զախարովան նշել է նաեւ, թե պետք է մեկնաբանի ռուս խաղաղապահների նկատմամբ մերկապարանոց մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները.
«Որտեղից էլ դրանք ծագեն, դրանք համարում ենք անթույլատրելի եւ ոչ արդյունավետ։ Ռուս խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»։