2022-ին աննախադեպ արդյունք գրանցած հայ մարզիկներին խրախուսելու համար ԿԳՄՍ նախարարության առաջարկով պարգեւատրման համար նախատեսված 707 միլիոն 630 հազար դրամ գումարը կկրկնապատկվի։
ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դեռեւս 2022-ի դեկտեմբերի 6-ի դրությամբ ՀՀ-ն ուներ 298 մեդալ, որից 103-ը` ոսկե, 69-ը` արծաթե եւ 126-ը` բրոնզե։ Ըստ Անդրեասյանի՝ ամենաբարձր արդյունքը մինչ այդ գրանցվել էր 2019-ին, երբ հայաստանցի մարզիկները միջազգային մրցաշարերում 222 մեդալ էին նվաճել։
Որոշվել է տարեվերջին նախատեսված գումարից կրկնակի ավելի վարձատրել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին ու հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին։
Մարզական նվաճումները
2022-ի ընթացքում աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտ մարզաձեւում` Արթուր Ալեքսանյանը, սպորտային մարմնամարզությունում` Արթուր Դավթյանը:
Եվրոպայի չեմպիոն են դարձել հունահռոմեական ըմբշամարտում` Մալխաս Ամոյանը, ազատ ոճի ըմբշամարտում` Արսեն Հարությունյանը, հրաձգությունում` Լիլիթ Մկրտչյանը (անհատական), Գոհար Հարությունյանը եւ Գոռ Խաչատրյանը (վերջին երկուսը` միքս վարժությունում)։
Բռնցքամարտում չեմպիոն են դարձել Հովհաննես Բաչկովը եւ Անի Հովսեփյանը, ծանրամարտում՝ Դավիթ Հովհաննիսյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը, սամբոյում` Արսեն Խանջյանը, սպորտային մարմնամարզությունում` Հարություն Մերդինյանը: