«Իմփաքթ Հաբ Երեւանն» ազդարարել է Հայաստանում առաջին սոցիալական ազդեցության ներդրումային հիմնադրամի՝ VIA Fund-ի մեկնարկի մասին: Հիմնադրամը նախատեսված է սոցիալական ձեռներեցների (ՍՁ) համար: Հաշվի առնելով ՍՁ ոլորտային առանձնահատկություններն ու կարեւորելով ներդրողների հետ աշխատանքը՝ հիմնադրամը նպատակ ունի խթանելու ոլորտում ներդրումների հոսքերն ու կապող օղակ դառնալու սոցիալական ձեռներեցների եւ ներդրողների միջեւ։
Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
«Սոցիալական ձեռներեցությունը բիզնես է՝ ստեղծված եւ նախատեսված սոցիալական խնդիրների լուծման համար։ Կարեւոր է, որ սոցիալական բիզնեսը ֆինանսապես ինքնաբավ լինի, սոցիալական խնդիրները լուծի բիզնես մոտեցումների միջոցով եւ ունենա սոցիալական ազդեցություն, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես օգնություն»,- նշել է նա:
Վիկտորինը Սփյուռքի եւ Հայաստանի ներդրողներին կոչ է արել միանալու այս հիմնադրամին ու նպաստելու ոլորտի զարգացմանը։
Հիմնադրամը ստեղծվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Արեւելյան գործընկերության երկրներում Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից։
Հիմնադրամի գործունեությունը կնպաստի ՍՁ համայնքի կայունությանը՝ մեծացնելով ձեռնարկությունների գրավչությունը նոր ներդրումների համար, ամրապնդելով ֆինանսական անկախությունն ու թուլացնելով կախվածությունը դրամաշնորհային ծրագրերից:
Հիմնադրամից ներդրումներ կարող են ներգրավել հիմնականում կայուն շարժ ունեցող այն սոցիալական ձեռնարկությունները, որոնք ունեն ձեռնարկատիրական մոդելի եւ սոցիալական ազդեցության ընդլայնման կենսունակ գաղափարներ:
Հիմնադրամը ԵՄ-ից արդեն ստացել է առաջին ներդրումը՝ 300 հազար եվրո: Առաջին 5 տարվա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ներգրավել եւս 1 միլիոն 200 հազար եվրո:
Այդ գումարի ներգրավման համար հիմնադիր կազմակերպությունը՝ «Իմփաքթ Հաբ Երեւանը», պետք է ֆոնդահայթայթում իրականացնի: Առաջին ներդրողների շնորհիվ VIA Fund-ն այս պահին ունի 380 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ VIA Fund–ը կկարողանա Հայաստանում նոր նշաձող սահմանել մասնավոր ներդրումային հիմնադրամերի մակարդակում, ինչպես նաեւ նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը։
Հիմնադրամն առաջիկա երկու տարում որոշակի համադրությամբ տրամադրելու է անտոկոս փոխառություն եւ դրամաշնորհ, իսկ երրորդ տարվանից անցնելու է ներդրումների առավել դասական գործիքակազմի։
«Ներդրումային հիմնադրամը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Հայաստանում VIA Fund–ը ձեւավորվում է ներդրումներ անելու համար այն սոցիալական ձեռներեցների գործունեության մեջ, որոնք վերջին 1-2 տարում ապացուցել են, որ կարողանում են ձեռնարկատիրական ուժեղ եւ հստակ մոդել ունենալ, աճելու եւ զարգանալու պոտենցիալ ունեն»,- ասել է «Իմփաքթ Հաբ Երեւանի» գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։