Մի քանի օր է՝ ով ինձ հանդիպում է, առաջինը հետեւյալ հարցն է տալիս. «Տեսա՞ր էն (հնչում են պիտակավորումներ, որոնք ես չեմ կարող գրել զուտ էթիկական նկատառումներով) ինչ ասաց»։ Եվ երբ հարցնում եմ, թե կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը, պատասխանում են. «Ասաց՝ ես չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են անվանում»։
Եթե անկեղծ, ապա ինձ համար մեկ է, թե մարդն ինչ բառից կվիրավորվի, ինչից՝ ոչ։ Վիրավորանքը սուբյեկտիվ ընկալում ունեցող հասկացություն է։ Բայց ես հիմա չեմ պատրաստվում «թուրք» բառի (թուրքի համար էլ՝ «հայ» բառի) վիրավորական լինել-չլինելու թեմայով դասախոսություն կարդալու։ Ես պարզապես ցանկանում եմ զրուցակիցներիս համար մեկնաբանել (իհարկե, իմ պատկերացմամբ), թե ինչ նպատակներ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը (դեկտեմբերի 12-ին), հենց այդտեղ (Մատենադարանում) եւ հենց այդ միջոցառման («Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի) ժամանակ նման արտահայտություն անելով։
Ըստ իս՝ այդ արտահայտությունը կոնկրետ նպատակներ հետապնդող երկու հասցեատեր ուներ՝ արտաքին աշխարհը եւ Հայաստանի հանրությունը։
Այդ օրն արդեն հայտնի էր, որ Ադրբեջանի «էկոակտիվիստները» փակում են Արցախ տանող ճանապարհը։ Եվ ահա, արտաքին աշխարհին Փաշինյանն իբր ուղերձ էր հղում՝ տեսե՛ք՝ ես ինչ պուպուշ, հանդուրժող ղեկավար եմ, ինչո՞ւ չեք գալիս մեզ ու Արցախը պաշտպանում։ Այս նպատակին էր ծառայում նաեւ հաջորդ արտահայտությունը՝ «Այսօր մենք տեսնում ենք ուղղորդված գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»։
Ու այս միտումը (միջազգային հանրությանը «լացացնելը») Փաշինյանը շարունակեց նաեւ դեկտեմբերի 15-ի Կառավարության նիստի ժամանակ՝ հայտարարելով. «Ադրբեջանի կողմից գրավոր ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի»: Իսկ հետո էլ՝ «Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»։
Արտաքին աշխարհը լսե՞ց այս ուղերձները։ Իհարկե։ Հուզվեց ու լացե՞ց։ Իհարկե՝ ոչ։ Միամտություն է կարծել, թե որեւէ երկիր կցնցվի ու կվազի մեկ այլ երկրին օգնության՝ միայն վերջինիս իբր ավելի հանդուրժող ու ժողովրդավար լինելու համար։ Նման միամտությանը կարող են հավատալ, ավելի ճիշտ՝ ձեւացնել, թե հավատում են միայն «հզոր վարչապետի» ստնտու կրծքին… ներողություն՝ կերակրող ձեռքին նայող ՔՊ-ականները, որոնց համար իշխանությունը միայն վայելքների աղբյուր է։
Իսկ գիտակից մարդիկ հասկանում են, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը եւ առաջնորդվում են դրանցով։ Եվ հուսալ, որ «գժի տեղ դնելով» կամ «պուպուշ», «հանդուրժող», «ժողովրդավար» ձեւանալով ինչ-որ մեկին կմղես քեզ օգնելու, միամտությանց միամտություն է։ Առավելագույնը՝ հայտարարություններ կհնչեն, որոնց տված օգուտը էդպես էլ չենք տեսնի։
«Թուրք» բառից չվիրավորվելու, այն վիրավորանք չընդունելու եւ չընկալելու հայտարարությունը նաեւ ներքին «լայն սպառման» համար նախատեսված ապրանք էր։ Փաշինյանը գիտեր, թե այդտեղ ու այդ օրը նման արտահայտությունն ինչ արձագանք է ունենալու հանրության մեջ, եւ հենց այդ արձագանքի համար էլ ասել է։
Մարդը, որ սովոր է ինտրիգներ ու սկանդալներ սարքել, հասավ իր ուզածին. հասարակության մի ստվար զանգված, մոռանալով (կամ թեկուզ չմոռանալով) Արցախի գլխին այսօր կախված վտանգը, սկսեց քննարկել դա, հայհոյել, վիճել, կռվել անգամ։ Նպատակը կատարված էր՝ թող մարդիկ իրար ուտեն։ Այսինքն՝ դարձյալ կեղծ մի օրակարգով շեղեց հանրության ուշադրությունը, կռվեցրեց ու գժտեցրեց։
Նույն՝ հանրությանը շեղելու նպատակին էին ուղղված նաեւ վարչապետի տիկնոջ երկու սկանդալային գրառումները։ Մեկը հենց Արցախի շրջափակումը սկսվելու օրը սիրելի փիսիկի հետ գիրք կարդալու լուսանկարն էր, մյուսն էլ՝ դեկտեմբերի 14-ին տաք սենյակում ֆուտբոլ դիտելիս հաճելի երեկո անցկացնելու տեսանյութը, այն ժամանակ, երբ Արցախում հազարավորներ տաքանալու ոչ մի հնարավորություն չունեն։
Եվ երբ հասարակությունը սկսեց այս երկու գրառումների համար էլ ամոթանք տալ, հայհոյել, բարկանալ, վիճել ու կռվել, ստացվեց, որ վարչապետի տիկինը հասավ իր նպատակին։ Նա դարձյալ պառակտեց հանրությանը, դարձյալ նրանց շեղեց իրական խնդիրներից։
Հիմա կասեք, թե ես էլ եմ նպաստում քննարկմանը՝ այս հոդվածով։ Գուցե։ Բայց իմ նպատակն այլ է. հանրությանը նախազգուշացնել, որ կուլ չտան վարչապետի ու նրա տիկնոջ՝ պարբերաբար շուկա նետվող, «լայն սպառման» համար նախատեսված եւ հասարակությանը նոր պառակտումների մղող հայտարարությունների խայծը։ Պարզապես պետք է անտեսել եւ չքննարկեն դրանք։
Հ. Գ. Ըհը։ Արդեն վերջակետ էի դնում, մեկ էլ աչքովս ընկավ ներքին սպառման եւս մի հայտարարություն, որն արել է Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում. «ՀՀ կառավարության մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր»։ Ասեք, որ համեստացել է, նախկինում ասել էր չեմպիոն։ Հիմա՝ ընդամենը մրցանակակիր։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։