ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խոր մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ Շերմանը նշել է, որ Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանը լրջորեն վտանգում է Արցախի 120 հազար հայերի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարը։
ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքն ու ձեռնարկի հնարավոր եւ անհրաժեշտ ամեն քայլ՝ աջակցելու հայ ժողովրդին այս կրիտիկական իրադրությունում։ «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդող լինի նման ջանքերում եւ իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու համար Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ սկսելով 907-րդ լրացումը կյանքի կոչելով»,- ընդգծել է Շերմանը։
Կոնգրեսականը շեշտել է, որ թեեւ սա Արցախի հայ համայնքի համար 2020-ի պատերազմից հետո հերթական դժվար պահն է, սակայն հայ ժողովուրդը տոկուն է եւ վճռական։ «Ես մշտապես կանգնած կլինեմ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին՝ շարունակելու մեր պայքարը եւ վերջ տալու Հայաստանի եւ Արցախի դեմ հարձակումներին»,- եզրափակել է ԱՄՆ կոնգրեսականը։