Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը` 858 միլիարդ դոլարի չափով, ինչը 45 միլիարդով ավելի է այն գումարից, որ նախագահ Ջո Բայդենը պահանջել էր տարվա սկզբին: 2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն եղել է 778 միլիարդ դոլար։
«Ազգային պաշտպանության լիազորման ակտին» կողմ է քվեարկել 83 օրենսդիր, դեմ՝ 11-ը։ Ավելի վաղ այս նախագիծը հավանության էր արժանացրել նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Այժմ պաշտպանական բյուջեի նախագիծը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը. Բայդենի ստորագրությունից հետո այն օրենքի ուժ կստանա:
858 միլիարդ դոլարի բյուջեով նախատեսված են ռազմական ծախսեր, զինվորականների աշխատավարձի բարձրացում 4,6%-ով, զենքերի, նավերի եւ ինքնաթիռների ձեռքբերում: Ամերիկացի օրենսդիրները մտադիր են այդ գումարից Ուկրաինային շուրջ 800 միլիոն դոլար, Թայվանին՝ 5 տարվա ընթացքում մինչեւ 10 միլիարդ դոլար, իսկ, ըստ The Hill պարբերականի, եվրոպական անվտանգության ապահովման եւ Ռուսաստանի զսպման համար՝ 6 միլիարդ դոլար հատկացնել: Փաստաթուղթը նախատեսում է նաեւ ռազմական ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության արգելքի երկարաձգում 5 տարով: