Եվրամիության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հաստատել են 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցություն ցուցաբերելու որոշումը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսակապի միջոցով դիմելով ԵՄ առաջնորդներին, խնդրել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելին, որ «Ուկրաինայի խաղաղության եւ ամբողջ Եվրոպայի համար մղվող պայքարը կախված չլինի ԵՄ անդամ որոշ երկրների միջեւ առկա վեճերից եւ տարաձայնություններից»։ Զելենսկին ընդգծել էր, որ Ուկրաինային ցուցաբերվող մակրոֆինանսական աջակցությունը նաեւ զենքն է հանուն ազատության, եւ ինչպես ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանելիք պատժամիջոցների 9-րդ փաթեթը, այն Ուկրաինայի պաշտպանությունն է։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը դեռ այս տարվա նոյեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ուկրաինային նոր օգնության փաթեթ է հատկացնելու 2023 թվականին։ Բացի այդ՝ ԵՄ անդամ պետությունները պայմանավորվել են ակտիվացնել Ուկրաինային մարդասիրական եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի օգնության տրամադրումը։ ԵՄ-ում պատրաստակամ են օգնելու Ուկրաինային՝ վերականգնելու իր կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքները՝ այս տարվա ձմեռային սեզոնը հաղթահարել կարողանալու համար։
Նշենք նաեւ, որ Հունգարիան եւ Լեհաստանը նախապես դեմ էին Ուկրաինային վերոնշյալ օգնություն հատկացնելուն, սակայն դեկտեմբերի 12-ին Եվրամիությունը համաձայնել էր նվազեցնել Հունգարիայի սառեցված միջոցների ծավալը, պայմանով, որ վերջինս կհանի «վետո»-ն։ Որոշ փոփոխություններից հետո Լեհաստանը եւս որոշել էր հանել «վետո»-ն։
Պատրաստեց Արման Գրիգորյանը