Ալյոնա Խանիկյանը Կիեւի իր բնակարանում էր, երբ փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ալյոնան վերջին երկու տարում Կիեւում մենակ էր ապրում եւ աշխատում։
Լսվեց առաջին պայթյունը, վայրկյաններ անց՝ ավելի ահարկու ձայներ․ Ալյոնան հասկացավ՝ պատերազմ է սկսվել։ Րոպեներ անց նա զանգեր ստացավ հարազատներից։ Եղբայրը եւս Կիեւում էր ապրում եւ այնպիսի հատվածում, որտեղ ուժգին ռմբակոծություններ էին եղել, չէր կարող դուրս գալ այնտեղից։
Ալյոնայի հայրական տունը Վիննիցայի մարզի Իլինցի քաղաքում է (հեռավորությունը Կիեւից՝ 212 կմ)։ Հայրը, տեղեկանալով, թե ինչ վիճակում է որդին, մեքենայով շտապել էր նրան դուրս բերել։ Դրսում շենքեր էին պայթում, Կիեւը մշուշի մեջ էր, սարսափելի տեսարան էր։
«Վախենում էի, որ գուցե այլեւս եղբորս ու հորս չտեսնեմ։ Բարեբախտաբար հայրս կարողացել էր եղբորս դուրս բերել այդ վտագավոր վայրից․․․ Պատերազմի առաջին օրերին ո՛չ ուտում էի, ո՛չ խմում․ կա՛մ միջանցքում էի վախվորած նստում, կա՛մ էլ բազմաբնակարան շենքի նկուղում։ Պատերազմի մեկնարկից երեք օր անց ես էլ մեկնեցի Իլինցի։ Կիեւում մնալը շատ վտանգավոր էր»,- հիշում է Ալյոնան։ Նախկինում Կիեւից Վիննիցայի մարզ կարելի էր հասնել 3 ժամում, բայց այդ օրը նա հայրական տուն կարողացավ հասնել 14 ժամում։
Պատերազմից մեկ շաբաթ անց Ալյոնան որոշեց զբաղվել կամավորական աշխատանքով։ Նրա հայրը եւս կամավորական աշխատանքով էր զբաղվել 2014-ի ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմից մեկ շաբաթ անց Վիննիցայի մարզում բազմաթիվ տեղահանվածներ կային։ Ալյոնայի ընտանիքը ոմանց հյուրընկալել էր։
Առցանց հարթակներից Ալյոնան տեղեկանում էր՝ ինչի կարիք ունեն մարդիկ, եւ իր կամավոր ընկերների հետ դրամահավաք էր կազմակերպում։ Դրանից հետո կամավորները գնում էին անհրաժեշտ իրեր ու տրամադրում տեղահանվածներին։ Մարդիկ հիմնականում հագուստի, դեղորայքի, սննդի, ջրի կարիք ունեին, իսկ փոքրիկներին կաթնախառնուրդ ու տակդիրներ էին անհրաժեշտ։
Ալյոնան ամերիկյան ընկերությունում է աշխատում՝ առցանց։ Պատերազմից հետո համացանցային կապը շատ էր վատացել, չէր կարողանում աշխատանքը շարունակել։ Բացի այդ՝ արդեն Վիննիցայի մարզում մնալը վտանգավոր էր։
«Մայիսի 15-ին մեկնեցի Լեհաստան։ Ես Երեւանում եմ ծնվել, երեք տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։ Հայաստանն իմ հայրենիքն է, հարազատ է ինձ, բայց այդ ժամանակ ամենահարմար տարբերակը Լեհաստան մեկնելն էր։ Լեհաստան հասնելուց հետո էլ շարունակեցի առցանց կամավորական աշխատանքով զբաղվել, բարեգործական հիմնադրամի համար գումար հավաքել»,- պատմում է Ալյոնան։
Նոյեմբերի 3-ին Լեհաստանից Ուկրաինա՝ Իլինցի է վերադարձել՝ ընտանիքի անդամներին տեսնելու։ Չորս օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվել է Կիեւ, մի քանի օր անց վիրահատվել։ Վիրահատությունից կարճ ժամանակ անց հիվանդանոցի հարեւան փողոցում հրթիռներ էին ընկել։ Ալյոնան ընդհանուր անզգայացումից դեռ չէր սթափվել, երբ նրան շտապ տեղափոխել էին ռմբապաստարան։
«Մի քանի օր էլ մնացի Իլինցիում, ապա նոյեմբերի 25-ին վերադարձա Վարշավա։ Հիմա առցանց շարունակում եմ աշխատել, նաեւ որպես կամավոր որոշակի աշխատանքներ եմ կատարում հեռավար։ Պատերազմի միջով անցած մարդը պարբերաբար ակամա հիշում է այդ դժոխային տեսարանները, եթե անգամ այլ երկրում է։ Մինչեւ հիմա սարսափում եմ աղմուկից․ ինձ թվում է՝ ռմբակոծություն է սկսվում։ Պատերազմը չի մոռացվում։ Մտքերով Ուկրաինայում եմ»,- եզրափակում է Ալյոնան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։