ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոր բանաձեւ է ընդունել ուկրաինական Ղրիմի թերակղզու՝ Ռուսաստանի կողմից բռնագրավման եւ Սեւաստոպոլում մարդու իրավունքների ոտնահարման մասին։ Բանաձեւին կողմ է քվեարկել 82 երկիր։ Դեմ քվեարկել է 14 երկիր, որոնց թվում նաեւ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան։ 80 երկիր ձեռնպահ է քվեարկել։
Բանաձեւը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի օգտագործումն Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի զավթումը։ Բանաձեւը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի եւ ուկրաինացիների հանդեպ ատելության հրահրման, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան արդարացնելու համար կեղծ տեղեկատվության տարածելու համար։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը անընդունելի է համարում Ղրիմում ըստ քմահաճության ձերբակալություններ իրականացնելը, Ղրիմից եւ դեպի Ղրիմ մարդկանց անօրինական տեղաշարժերը, բռնի անհետացման դեպքերը, ինչպես նաեւ թերակղզում տեղի ունենցող այսպես կոչված զտման գործընթացները։ Բանաձեւը պահանջում է, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի իր ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի եւ անվերապահորեն դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից՝ ըստ այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների։
Պատրաստեց Արման Գրիգորյանը