Ամերիկյան CNN-ը հայտնել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ մարզադաշտում իր տեսաուղերձը ցուցադրելու խնդրանքը։
Ըստ աղբյուրի՝ Զելենսկու գրասենյակում զարմացել են ՖԻՖԱ-ի մերժումից։ Ինչպես նշում է CNN-ը, հայտնի չէ՝ ծրագրվում էր ցուցադրել Ուկրաինայի նախագահի տեսաուղերձի տեսանյութը, թե ուղիղ հեռարձակումը։ Ընդ որում՝ թեմայի շուրջ Ուկրաինայի նախագահի գրասենյակի եւ ՖԻՖԱ-ի միջեւ բանակցությունները շարունակվում են։
CNN-ի թղթակից Մեթյու Շանսը նշում է, որ Կիեւը բազմիցս փորձել է օգտագործել համաշխարհային խոշոր իրադարձությունները՝ անկախ դրանց թեմայից, ուկրաինական պատերազմի վրա համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելու մղումով:
ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությունում պաշտպանում է առանձին մարդու եւ բոլորի իրավունքները։ Ըստ նրա՝ մարզադաշտում եւ հեռուստացույցով խաղին հետեւող միլիարդավոր երկրպագուներն ունեն իրենց խնդիրները, որոնք ցանկանում են 90 կամ 120 րոպե առանց որեւէ բանի մասին մտածելու պարզապես վայելել խաղը։ «Մենք պետք է նրանց հնարավորություն ընձեռենք մի պահ մոռանալու սեփական խնդիրների մասին եւ վայելելու ֆուտբոլը»,- շեշտել է Ինֆանտինոն։
Աշխարհի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ խաղը կանցկացվի դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 19։00-ին, Կատարի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում։