Բախին հասկանալը խորացնում է իմ գիտելիքները նաեւ Բեթհովենի մասին:
Իմրե Կերտես
Ինչո՞ւ եմ գրում հունգար գրողների մասին
Սովետական տարիներին արտասահմանյան գրողները նախ ռուսերեն էին տպվում, Մոսկվան գրաքննում – թույլ էր տալիս թարգմանել։ Նաեւ թարգմանելիս աղավաղում էին (նույնիսկ՝ «Ռոբինզոն Կրուզոն») ըստ գրաքննության պահանջների, հետո առաջաբաններում ու վերջաբաններում, «կենտրոնական» գրական հանդեսների ու թերթերի գրախոսականներում թելադրում, թե ինչպես պետք է հասկանալ այդ գրողներին։
Մենք՝ 1970-1980-ականների բոհեմը, կա՛մ չէինք կարդում ուղեկցող տեքստերը, կա՛մ հասկանում էինք հաճախ հենց կոմունիստական գաղափարախոսության կարծրատիպերին հակառակ։ Բայց եթե նույնիսկ Ռուսաստանում չլիներ/չլինի ոչ մի գրաքննություն, աշխարհը ուրիշ կերպ է երեւում Երեւանից, քան Մոսկվայից, եւ «փոքր» երկրների ընթերցողներն իրավունք ունեն, ուրիշներից պակաս արժանի չեն իրար մշակույթներին ուղղակիորեն, հորիզոնական խողովակներով, ոչ համաշխարհային կենտրոնների միջոցով հաղորդակցվելու։
Պատահական չէ երեւի, որ XX դարի երկրորդ կեսի հունգար մեծ բանաստեղծներ Յանոշ Պիլինսկին ու Դյորդյ Պետրին, որոնց ես թարգմանել եմ բնագրից ու հրատարակել Անկախության շրջանում (2005, 2010), ռուսերեն դեռ առանձին գրքով լույս չեն տեսել։
Բայց իմ հունգարական օրագիրը գրքերի մասին չէ, այլ գրողների եւ դեպքերի, հետքերի, վայրերի՝ նշանային աներեւույթ համակարգի, որ ձեւավորել է նրանց անհատականությունը։ Մեծ հաշվով՝ երկրի։ 2022-ի աշնանը շուրջ մեկ ամիս հանդիպեցի ականատեսների, այցելեցի անհրաժեշտ վայրերը, ձեռագրեր ու անձնական իրեր հետազոտեցի, որ կարողանամ որսալ սոցիալ-մշակութային ներքին կապերը եւ փոխանցել ձեզ։
Ի՞նչ պետք է իմանալ Հունգարիայի մասին
Ես հոկտեմբեր-նոյեմբերին Բուդապեշտում էի, իսկ դեկտեմբերի սկզբին վերականգնվեցին ՀՀ-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունները։
Հունգարիայի ներկա կառավարությունը, որը գլխավորում է Վիկտոր Օրբանը, 2012-ին Ադրբեջանին էր արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, որին հունգարական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարով զրկելով ներման իրավունքից։
Սաֆարովը 2004-ին Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։
Բուդապեշտում հունգար մտավորականությունը «Ների՛ր, Հայաստան» պաստառներով բազմահազարանոց բողոքի ցույց արեց արտահանձնման որոշման դեմ, բայց՝ անօգուտ։ Սաֆարովը 8 տարի էր անցկացրել բանտում, երբ ուղարկեցին Ադրբեջան, եւ Իլհամ Ալիեւը անմիջապես ազատ արձակեց մարդասպանին։ Այդ ժամանակ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Անցյալ տարի Օրբանի միջամտությամբ Ադրբեջանը 5 գերի ազատ արձակեց, այս փետրվարին նրա ներկայացուցչի մասնակցությամբ Համագործակցության հուշագիր ստորագրվեց Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 եւ Բուդապեշտի Պաննոնհալմի գլխավոր աբբայության Մարիարմետե Հիդեգկուտի հիմնական էկումենիկ դպրոցների միջեւ, իսկ նոյեմբերին էլ Բուդապեշտում վերանորոգված վիճակում Հունգարիայի համայնքին տրամադրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցին. ես արարողությանը ներկա էի։
Մանրամասնեմ, որ հունգարահայերը կաթոլիկություն են ընդունել դեռ XVIII դարում, հիմնականում բնակվել են Տրանսիլվանիայում, որտեղից մեծ ներգաղթ է եղել Բուդապեշտ, երբ մարզն անցել է Ռումինիայի տիրապետության տակ Տրիանոնի հաշտության պայմանագրով (1920), ըստ որի՝ Հունգարիան՝ որպես Ավստրո-Հունգարական կայսրության ժառանգորդ, մեղսակից էր համարում իրեն պատերազմի սանձազերծման հարցում եւ կորցնում էր տարածքի 2/3-ը, իսկ բնակչության շուրջ կեսը։
Արդյոք կարիք կա՞ր, որ Հունգարիան նաեւ ներողություն խնդրեր։ Անկասկած, բայց գործերն ավելի կարեւոր են։ Գուցե անդրկուլիսային գործընթացներում Օրբանը փորձում է դրական դեր խաղալ։
Պատահական չէ, ԵՄ Պրահայի ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում Ալիեւի ու Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի կուլիսային հանդիպմանը (06.10.2022) ներկա էր նաեւ Օրբանը, որը մեծ մասամբ վերացական հայացքով նստած էր։
Եվ էական է արձանագրել, որ երկու երկիրը հանդիպեցին այսօր մի կետում, երբ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում գերխնդիր է հայտարարված, խոսքի լիակատար ազատություն է, իսկ Հունգարիան նահանջում է ժողովրդավարությունից, լրատվությանը փոխարինել է քարոզչությունը, պետական մարմիններում հովանավորչությունը ծաղկում է, իսկ վարչապետ Օրբանը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի շահերին ավելի համահունչ է գործում, քան Եվրամիության։ Մի եռյակ, որ թաթախված է պատերազմական ու ոչ պատերազմական հանցագործությունների մեջ։
Այսուհանդերձ, Հունգարիան ինձ համար նրա կառավարությունը չէ, ինչպես չէի համաձայնի, որ հունգարացիները Հայաստանը նույնացնեին վերջին 30 տարվա կառավարությունների մեծ մասի հետ, այլ մի երկիր, որի ժողովուրդը XIX-XX դարերում երկու անգամ ապստամբել է կայսրությունների դեմ ու մեծ զոհերի գնով հասել բարեփոխումների։ Ճակատագրի հեգնանքն է, որ երկու անգամ էլ Ռուսաստանն է եղել հունգարների պարտության պատճառը։
Առաջինը 1848-1849 թվականների ապստամբությունն է։ Լայոշ Կոշուտի կազմակերպած զորքը հաղթեց Հաբսբուրգների կայսերական բանակին, բայց Ռուսաստանի՝ ինքնակամ «Եվրոպայի ժանդարմի» ռազմական միջամտությունը ապստամբներին կապիտուլյացիա պարտադրեց եւ ավստրիական գաղութային իշխանությունը փրկեց կործանումից։
Եվ 1956-ի հունգարական ընդվզումը Ստալինի նշանակած մարիոնետային կառավարության զանգվածային բռնաճնշումների դեմ, որը ԽՍՀՄ-ը ճզմեց տանկերով։ Ճիշտ է, Կրեմլի նոր «տեղապահ» Յանոշ Կադարը կարողացավ երկրում հանդարտություն պահպանելու դիմաց այնքան տնտեսական ազատություններ կորզել, որ Հունգարիան դարձավ «սոցիալիստական ճամբարի» ամենաբարեկեցիկ ու ազատ երկրներից մեկը։
Կա՞ արդյոք հունգարական գրականություն
Ապշելու հարց է, բայց մարդիկ տալիս են։ Ոչ պակաս, քան հայ գրականություն։ Իմ հունգարական օրագրում կպատմեմ արձակագիր, Նոբելյան մրցանակակիր, բայց իր երկրում հալածյալ Իմրե Կերտեսի, հալածված, բայց ուշ տարիքում մրցանակակիրներ Յանոշ Պիլինսկու եւ Դյորդյ Պետրիի, անմրցանակ, ոչ իր անունով ստորագրող, բայց 10 միլիոնանոց երկրում գրքերը միլիոնավոր օրինակներով հրատարակած Յենյո Ռեյտյոյի մասին, որոնց թարգմանել եմ։ Ո՛չ նրանց քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշումներից ելնելով։ Չափազանց տարբեր են իրարից, նաեւ իրենց դրամաներով։ Մեկին մեղադրել են, թե «դասավորել է» Նոբելյան մրցանակը, մյուսին, թե լատենտ նույնասեռական է, երրորդը… ինքն իրեն է կործանել, չորրորդը փոխել է հրեական… Ռեյխ ազգանունը։ Ուրիշ բան, որ գրականությունը մեր նման երկրներում համարյա միշտ քաղաքական է, քաղաքացիական, իր անցյալ ու ներկա ազդեցությամբ։
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture