Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցումից որոշ ժամանակ անց Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում էր։ Regnum-ի հյուրասրահում լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց՝ Ստեփանակերտը կհամաձայնի՞ օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին, եթե դրա կարիքը զգացվի։ Ռուսաստանը նոր էր Սիրիայում հատուկ ռազմագործողություն սկսել, եւ Բակո Սահակյանը պատասխանեց, որ եթե Մոսկվան դիմի, ապա խնդիրը կքննարկվի։ Բաքուն սպառնացել էր, որ կխոցի Ստեփանակերտ թռչող մարդատար օդանավը, ով էլ որ ուղեւոր լինի։ Դա Իլհամ Ալիեւի պատասխանն էր Սերժ Սարգսյանին, ով խոստացել էր լինել Երեւան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղեւորը։
Ռուսաստանը Սիրիա ուղեւորա-բեռնափոխադրումներ իրականացնելու համար որպես «հանգրվանային հարթակ» Ստեփանակերտի օդանավակայանի հնարավորություններն օգտագործելու «խնդրանքով» չդիմեց Ստեփանակերտին։ Մնաց Regnum-ի հյուրասրահում Արցախի նախագահին ուղղված «արտառոց» հարցի եւ Բակո Սահակյանի «նրբամշակված պատասխանի» շուրջ ենթադրությունների նստվածքը, բայց քառասունչորսօրյա պատերազմից հետո Ստեփանակերտում նաեւ պաշտոնական մակարդակով հավաստիացումներ արվեցին, որ Ռուսաստանը «շուտով կբացի Արցախի երկինքը»։ Խոսվում էր ոչ միայն Երեւանի, այլեւ Հյուսիսային Կովկասի հետ օդային հաղորդակցության «պայմանավորվածությունների» մասին։
Ժամանակի հետ ամեն ինչ մոռացվեց։ Եվ ահա վերջին օրերին, երբ շրջափակված է Լաչինի միջանցքը, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը խոսում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման անհրաժեշտությունից։ Եվ ոչ միայն։ Նա համարում է, որ դա ամենահուսալի «կամուրջը» կլինի։ Թեման շարունակում են արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ խնդիր դնելով այդ հարցում հասնել միջազգային աջակցության։ Սա զուտ հումանիտար թեմա՞ է։
Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու համար այն պետք է նախ գրանցում ունենա։ Միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ադրբեջանի սահմանադրությամբ ինքնիշխան է նաեւ վերցամաքային օդային տարածքը։ Այս հարցում Բաքուն ոչ մի զիջման չի գնացել նախկինում։ Եվ որեւէ միջազգային կառույց Իլհամ Ալիեւին չի պարտադրելու, որ Արցախի համար օդային «միջանցք բացի»։ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդիր դնող արցախցի պաշտոնյաները եւ հանրային գործիչները դա քաջ գիտեն։
Ուստի ո՞րն է թեմա «բացելու» իմաստը։ Տեսականորեն հնարավոր է, որ ICAO-ն Ստեփանակերտի օդանավակայանը գրանցի որպես «ադրբեջանական», բայց Ադրբեջանը համաձայնի, որ այն շահագործվի ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողությամբ, քանի դեռ չի լրացել նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված՝ նրա տեղակայման ժամկետը։ Արցախի պաշտոնյաները նաեւ առաջ են մղում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու եւ նրա «լիազորությունները» անժամկետ երկարաձգելու տեսլական։ Ըստ երեւույթին, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության միջազգայնացման թեմաները փոխկապակցված են։
Բայց որքանո՞վ է ներգրավված Ադրբեջանը, մնում է բաց, եւ ամեն ինչ վերադառնում է սկզբին։ Այսինքն՝ Regnum-ի սրահում Բակո Սահակյանին ուղղված հարցադրման ենթատեքստին․ Ստեփանակերտի օդանավակայանը, որպես անկասկած նաեւ ռազմական նշանակության ենթակառուցվածք, որքանո՞վ է պահանջված Ռուսաստանի կողմից։ Եվ արդյոք Բաքուն պատրաստ կլինի՞ ընդառաջելու Մոսկվային, եթե խնդիրը, կապված Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում ինչ-ինչ հնարավոր զարգացումների հետ, Ռուսաստանի համար դառնա «ազգային անվտանգության» հարց։
Ո՞րն է այս ենթադրյալ սցենարին Արցախի «ներգրվելու» բուն իմաստը։ Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում նոր մարդ է, նրա հետ որոշակի հույսեր են կապվում։ Ուստի ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում «հումանիտար օդային կամրջի» մասին նրա դիտարկումը հազիվ թե զուտ քարոզչություն է։ Ստեփանակերտի օդանավակայանը մնում է առեղծված։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։