ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետեւանքներ ունենալ։ Նա խոստովանել է, որ նման իրավիճակը դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։
«Կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնելու միջանցքով ազատ տեղաշարժը, իսկ դրա ճանապարհը բանակցություններն են»,- ընդգծել է Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ մինչեւ տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ պետդեպի փոխխոսնակը խուսափել է խոսել ժամկետներից։
«Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է եւ շատ մեծ ուշադրություն է հատկացնում, պետդեպարտամենտի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները եւս, այս հարցում շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրափակիչ գծին»,- ասել է Վեդանտ Պատելը։