Security Council Report (SCR) վերլուծական-հետազոտական կենտրոնից հայտնել են, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կքննարկի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Հարցի քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության առաջարկով։
Քննարկման փաստին անդրադարձել է Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Վերջինս ուրախալի է համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դեկտեմբերի 17-ին կքննարկվի Արցախի հարցը: Թեեւ քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում:
«Հուսամ՝ ՄԱԿ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Բեգլարյանը: