Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը եւ Ադրբեջանին պարտադրելու վերաբացել դեկտեմբերի 12-ից փակած Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
«Եթե նման իրադրությունը շարունակվի, անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը՝ պոտենցիալ ողբերգական հետեւանքներով։ Ավելին` Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որում ներառված էր պարտավորություն՝ ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով»,- նշել են կոնգրեսականները։
Նրանք ընդգծել են, որ չնայած կոնգրեսականների բազմիցս հնչեցրած՝ Արցախի ժողովրդին այդքան անհրաժեշտ ԱՄՆ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին կոչերին` ամերիկյան վարչակազմը մինչ օրս պատշաճ օգնություն չի ցուցաբերել։ Ըստ կոնգրեսականների՝ դա ավելի հրատապ է դարձնում պահանջը, որ ԱՄՆ վարչակազմը դիմի վճռական գործողությունների։